211652_close_icon
views-count1673 դիտում article-date 11:00 14-04-2022

Վիճակը նո՞ւյնն էր լինելու․ բաց է թողնվում մի «նրբություն»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ֆրանսիացի փիլիսոփա Ժան-Պոլ Սարտրն ասում էր, որ ոչինչ չի փոխվում այնքան հաճախ, որքան անցյալը, նկատի ունենալով, հավանաբար, որ փոխվում են անցյալի մասին մեր պատկերացումները՝ պայմանավորված ներկայի ընկալումներով: Ընդ որում՝ խոսքը թե՛ անհատական եւ թե՛ հավաքական փորձի մասին է: Պատահում է նաեւ, որ մենք շատ լավ էլ գիտենք, թե ինչ է անցյալում տեղի ունեցել, բայց մեզ հարմար է դեպքերը ներկայացնել խեղաթյուրված ձեւով՝ մեր ձգտումները կամ կարիքները բավարարելու համար: Բնականաբար, նման մոտեցումն առաջին հերթին հատուկ է քաղաքական գործիչներին:

Վարչապետ Փաշինյանի երեկվա ելույթի հիմնական թեզերից մեկն այն էր, որ մենք կարող էինք խուսափել պատերազմից, բայց կստանայինք նույն վիճակը, որն ունենք հիմա, բայց՝ առանց զոհեր: Նախ ասեմ, որ անձամբ ես պաշտոնական տվյալներով ավելի քան 3700 մարդու կյանքը չեմ համարում այնպիսի մի «փոքրիկ դետալ», որը թույլ է տալիս խոսելու սկզբունքորեն «նույն վիճակի» մասին: Բայց, պարզ է, որ քաղաքական գործիչները, եւ մանավանդ պետությունների ղեկավարները այլ տրամաբանությամբ են շարժվում:

Երկրորդ՝ տարածքային առումով վիճակը նույնը չէր լինելու: Այդ առիթով թույլ տվեք հիշեցնել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի 2020 թ. ապրիլի 21-ի ելույթը եւ հարցուպատասխանը (դիտեք մոտավորապես 60-րդ րոպեից): Լավրովն ասում է, որ դրանից մեկ տարի առաջ, այսինքն՝ 2019թ. ապրիլին, Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկվել է խնդրի փուլային լուծում: Առաջին փուլում, ըստ Ռուսաստանի ԱԳ նախարարի, նախատեսվում էր առավել արդիական խնդիրների լուծումը: Այն է՝ հայկական ուժերը դուրս են գալիս Լեռնային Ղարաբաղի ՇՈՒՐՋ մի շարք շրջաններից (Լավրովն ասում է՝ «освобождение ряда районов вокруг Нагорного Карабаха»), ինչպես նաեւ՝ ապաշրջափակում են հաղորդակցությունները: 

Այսպիսով՝ 2018-20 թվականներին հնարավորություն կար առանց պատերազմի մեջ մտնելու պահպանել նախկին ԼՂԻՄ-ը եւ Լաչինի միջանցքը՝ Արցախի հետաձգված կարգավիճակով: Սակայն Հայաստանի իշխանությունը գերադասեց խնդիրը լուծել «սեփական կետից» կամ «զրոյական կետից»: Այո, այդ հնարավորությունը կար նաեւ մինչեւ 2018 թվականը: Բայց Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը՝ ինչպես եւ Նիկոլ Փաշինյանը, հրաժարվել էին այդ հնարավորությունից:

Սակայն, երբ ասվում է «վիճակը նույնն էր լինելու», բաց է թողնվում մի «նրբություն», որի մասին նախկիններն ու ներկաները չեն խոսում: Նրբություն բառը չակերտների մեջ եմ առնում, որովհետեւ տարբերությունը ցանկացած ուշադիր դիտորդի համար պետք է առավել քան ակնհայտ լինի: Եթե նույնիսկ տարածքային առումով «վիճակը նույնն էր լինելու», ապա քաղաքական առումով այն արմատապես տարբերվելու էր: Մի բան է, երբ դու հանգում ես ինչ-որ մի բանակցային տարբերակի ու հանդես ես գալիս որպես կարգավորման սուբյեկտ, մեկ այլ բան է, երբ դու ջախջախվում ես պատերազմում եւ հաղթողը քեզնից ռազմավար է պահանջում: Նախկիններն ու ներկաները «հողերը հանձնել» բառակապակցությունը հասկանում են նույն ձեւով, սակայն դրա հետեւում չափազանց տարբեր սցենարներ կան:

Մանրամսան՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր