211652_close_icon
views-count52722 դիտում article-date 21:04 12-04-2022

Քեզ բացակա չենք դնի. երկնային ծնունդդ շնորհավոր, մեր լեգենդար հերոս, մեր բակի պարծանք Մանվել Խարդալյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 12-ին, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի  71 շենքի բակում  մեծարման  և հիշատակի օր էր:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շենքի բակում բացվեց Արցախյան  44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած  Մանվել Խարդալյանի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշաղբյուր:

Խաչքարի վրայից սպիտակ սավանը  իջեցրեցին հերոսի մայրը,  որդին,  ընտանիքի անդամները, ապա հոգևոր հովվի կողմից օծվեց այն:

Միջոցառմանը  ներկա էին հերոսի հարազատները, բարեկամները, ընկերները,  այդ թվում՝ զինակից, հերոսածին մայրեր, Մանվելի  սովորած դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, սաները, հյուրեր հանրապետության տարբեր մարզերից ու Արցախից:

Հուզիչ էր երեխաների կենդանի կատարմամբ երգերը, բանաստեղծություններն՝ ուղղված ոչ միայն հոբելյարին, քանի որ այսօր լեգենդար հերոսի  ծննդյան օրն է, այլև բոլոր այն հերոսներին, ովքեր հանուն Հայաստանի ու Արցախի տվեցին իրենց համար ամենաթանկը՝ կյանքը:

Ու բոլորն ասում էին՝  երկնային ծնունդդ շնորհավոր, մեր լեգենդար հերոս, մեր թաղի պարծանք, մեր բակի հենասյուն, քեզ բացակա չենք դնի:

Մանվել Սամվելի Խարդալյանը ծնվել է 1986 թ.-ի ապրիլի 12-ին՝ Երևանում։ 1993-2003թթ. սովորել է 179 միջնակարգ դպրոցում։ 2004/2006թթ ծառայել է Սիսիանում՝ որպես դիպուկահար։

Մանվելը ամուսնացած էր, ուներ 3 երեխա, շատ հոգատար հայր էր, լավ որդի, լավ ընկեր, մեծատառով մարդ։

Չարաբաստիկ պատերազմի մասին լսելով, կամավոր զինվորագրվում է 4 անգամ մերժվելուց հետո։ Լինում է որպես գնդացրորդ։ Հոկտեմբերի 4-ին տանում են առաջնագիծ՝ Ջաբրայիլ, Հադրութ, Ֆիզուլի։

Հոկտեմբերի 12-ին միանում Է Լեգիոն ջոկատին, չի նահանջում, մինչև վերջ պայքարում է ծանր մարտերին, վերջին զանգը լինում է 14-ին։

Հոկտեմբերի 16-ին ծանր մարտերի ժամանակ բեկորային մահացու վիրավորումից զոհվել է Քարքաբազար կոչված տեղանքում։  Ինքնությունը հաստատվել է հունիսի 23-ին։

Ստացել է մարտական ծառայության մեդալով:


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 375+
375+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր