211652_close_icon
views-count7768 դիտում article-date 10:14 29-10-2022

Քեզ բացակա չենք դնի․ երկնային ծնունդդ շնորհավոր՝ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոս հոր հերոս որդի՝ Վահե Ներսեսի Աղաբաբյան

Վահե Ներսեսի Աղաբաբյանը քառասունչորսօրյա պատերազմում անմահացած  մեր հերոսներից է։ Վահեն ծնվել է 2001 թվականի հոկտեմբերի 29-ին Ապարան քաղաքի Վարդենիս գյուղում։ Վահեն ընտանիքի ամենափոքր զավակն էր, ինչքան էլ զարմանալի էր հայրը սպասում էր աղջկա, բայց ծնվեց Վահեն։ 2007 թվականից հաճախել է տեղի Զ. Հակոբյանի անվան միջն դպրոց։ Վահեի անգլերենի ուսուցչուհին պատմում է.

- Դասարանցիները հաճախ էին հոգու հետ խաղում բարձրահասակ լինելու համար, ուրիշը լիներ կնեղանար, բայց Վահեն ժպտում էր անմեղ ու գլուխը կախում։ 

Ուսուցչուհին մեծ ցավ է ապրում` գիտակցելով, որ Վահեի հետ ունեցած հիշողությունները միակն են, որ մնացել են իրենց, խորը կսկիծով  ասում է, որ չնայած այս ամենին Վահեն միշտ ապրում է ու ապրելու է իր ու իրեն սիրողների սրտերում։

Քույրը՝ Տաթևը պատմում է.

-Վահեն բոլորիս համար դարձավ մի նոր կյանքի իմաստ,կյանքը միանգամից փոխվեց։ Բարի էր անչափ ու նվիրված բոլորին՝ ընկերներին, ընտանիքին։ Հաճախ էր իր խնայած գումարով բակի փոքրիկների համար քաղցրավենիք գնում, ինձ համար՝ նվերներ։

Շուտ-շուտ էր սիրահարվում, բայց հավերժ մնաց սիրահարված հայրենիքին։  
Վահեն բանակ զորակոչվեց ձմռանը, ծառայության անցավ Գյումրիում։ 6 ամիս ծառայելուց հետո կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխում են Մեղրի՝ Ագարակի զորամասը։  10 ամիս ծառայելու ընթացքում ծնողները նրան տեսել են ընդամենը 2 անգամ։

Երբ պատերազմը սկսվեց, Վահեն արդեն Մեղրիի դիրքերում էր։ Մեզ հույս էր տալիս, թե ամեն ինչ լավ է լինելու։ Չէր վախենում, չէր ընկճվում։ Սեպտեմբերի 28ին, սակայն, խոսելով հոր հետ, իմանալով, որ հայրը մեկնում է Արցախ, լացել էր, խնդրել էր հորը` էս մի պատերազմը իրեն թողնի, ինքը երկուսի տեղն էլ կգնա։ Սակայն հայրենիքին երկուսն էլ պետք էին։

Ամեն օր զանգում էր մորը ու առաջինը հորից հարցնում՝ «մամ պապան զանգելա՞, մամ պապան որտե՞ղ է, մամ չեք խաբում չէ՞»։

Բայց խաբում էինք, հորիցս հոկտեմբերի 2-ից լուր չունեինք,- պատմում է քույրը։- Հոկտեմբերի 5ին՝ նույն օրը երեկոյան, զանգեց անծանոթ համարով։ Զանգեց ու լացակումած հարցրեց՝ «Մամ պապաս ուրա՞», ձայնը փոխված էր, սկզբից չճանաչեցինք։ Ցավից էր ձայնը փոխվել։ Հետո հեռախոսը վերցրեց ինչ-որ ուրիշ մարդ ու ասաց. «Քուր ջան, ձեր երեխեն վիրավորա, տանում եմ Իշխանաձոր հոսպիտալ, գիտակցությունը տեղնա երեխու, հանգի՛ստ եղեք, ուժեղ տղայա, կանցնի»,- աշխարհը փուլ եկավ, որ ասեց վիրավորա, մորս հույս էի տալիս, ասում էի, որ վիրավոր վիճակով համարա հիշել, խոսումա ուրեմն լավա։

Վահեիս տանում են Իշխանաձոր վիրակապում ու  ուղարկում Գորիս, որտեղից մենք նրան կորցնում ենք։ Նրան գտնում ենք հաջորդ օրը Երևանում։ Անգիտակից, անանուն զինվոր էր Վահես։ Մի շաբաթ ամեն օր հույս ունեինք՝ ոտքի կկանգնի, անգամ մեծ եղբորը թույլ էին տվել գեթ մի պահ մտնել երեխու մոտ ու տեսնել իր ուժեղ, փոքր ախպորը։ Հսկա էր Վահես, ամրակազմ ու շաատ բարձրահասակ։ Բանակում շատ էր փոխվել, ամրացել, լցվել։ Մեծ եղբայրս հպարտությամբ ասում էր.

- Էնքան թափով էր մամ, Վահես, որ հիվանդանոցի անկողնուց էլ ոտքերը դուրս էին եկել, կլավանա, հաստատ կլավանա։

Չլավացավ, հոկտեմբերի 13-ին հավերժ քնեց։

Հետո Վահեիս մոտ ընկերը պատմեց ամեն ինչ՝

Հոկտեմբերի 5-ի առավոտյան արդեն Ջաբրայիլում էին իրենք, բոլորի համար համեստ Վահեն միանգամից անցել էր կռվի, միանգամից էնքան ոգևորված, որ բոլորն էին զարմացել։ Ասել էր. «խփե՛ք տղե՛րք, սրանք ո՞վ են որ, թուրք են ընդհամենը, չվախենա՛ք»։

Ընկերն ասում էր. «Շատ էինք խառնվում իրար,բայց Վահեի մի հատ գոռոցից սթափվում էինք»։ Հանկարծ արկ է ընկել,Վահեն իր մարմնով ծածկել է կողքի ընկերոջը, ում մինչ այդ ասել էր. «չվախենա՛ս, զեմլյա՛կ, տե՛ս՝ ինչ ենք անում»։

Վահեն վերջին անգամ խոսում է իրեն Երևան տեղափոխող ուղղաթիռի մեջ, ասում է.

- Ես լավանալու եմ, լավանամ` հասնեմ տղերքին։

Ուղղաթիռի վարորդը՝ ով հետագայում պարզվեց, որ հորեղբորս ընկերն է, ասում էր.

- Ես տենց բան չէի տեսել։ Վիրավոր էր երեխեն, անուժ, բայց հույսն էր շատ մեծ, ասում էր հետ եմ գալու։

Մենք Վահեիս կռվից ու հոգու ուժից չէինք զարմացել,Վահեն էր մեր, Ապարանցի Ռեմբոյի տղեն, ով իր հերոս հոր հերոս տղեն էր։

Վահեի մասին համագյուղացիները միշտ փայլփլող աչքերով են խոսում, սակայն հիմա այդ փայլի մեջ ափսոսանք ու ցավ կարելի է նկատել։ Ընկերների համար  իրենց հավաքույթների ժամանակ Վահեի աթոռը միշտ մնում է ազատ, առաջին կենացն  էլ Վահեի պատվին է։ Ընկերները փաստում են, որ Վահեի տեղը ոչ ոք չի զբաղեցնի, երբե՛ք։

Հիշում են, բոլոր այն դեպքերը ինչ կապված է Վահեի հետ, սակայն շատերն այդպես էլ ուժ չեն գտնում դրանք բարձրաձայնելու։

 Վահեին հետմահու պարգևատրել են «Մարտական խաչ» մեդալով։

Այսօր Վահեի ծննդյան տարելիցն է, Վահեն կդառնար 21 տարեկան, բայց նախընտրեց զոհվել հանուն հայրենիքի, քան ծնկի գալ թշնամու առջև։

Շնորհավոր ծնունդդ, հայ ազգի պարծանք։

Նյութ հեղինակ՝ ՀՊՄՀ լրագրության բաժնի ուսանողուհի Լիլիթ Պետրոսյան

Նմանատիպ նյութեր