211652_close_icon
views-count2772 դիտում article-date 11:49 07-04-2022

Ում և ինչի համար են անվանում «հինգերորդ շարասյուն»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երբ թերթում ես ռուսաստանյան պաշտոնական լրահոսը, զարմանում ես, թե որքան շատ են այնտեղ «փորձագետները»: Վերջերս, օրինակ, հանդիպեցի այսպիսի մի վերնագրի. «Աբխազիայի հրաժարվելը՝ մտնել Ռուսաստանի կազմի մեջ, ոչ բարեկամական քայլ է. փորձագետ»: Ահա այսպիսի «փորձագիտական կարծիք». դու բարեկամ ես միայն այն դեպքում, եթե իմ կազմում ես, հակառակ պարագայում դու թշնամի ես:

Բայց, իհարկե, «փորձագետների», «քաղաքագետների» եւ այլ քարոզիչների ամենանախընտրելի զբաղմունքը «հինգերորդ շարասյանը» գտնելն ու խարազանելն է: Այդ ժանրի վարպետներից մեկը (ի դեպ, «յան»-ով վերջացող ազգանունով) գտնում է, որ այն ռուսաստանցիները, որոնք իրենց երկիրը տեսնում են եվրոպական ընտանիքում, ավելի վատն են, քան «հինգերորդ շարասյունը», նրանք թաքնվել են եւ սպասում են, թե երբ է նորից հնարավոր լինելու, «փորձագետի» խոսքերով, «մտնել Արեւմուտքի մեջ»: Իսկ դա, ըստ նրա, ոչ միայն վնասակար է Ռուսաստանի համար, այլեւ՝ անհնարին, որովհետեւ Արեւմուտքում «արգելել են Չայկովսկուն եւ Դոստոեւսկուն»:

Հինգերորդ շարասյունը» հետխորհրդային բոլոր երկրների քարոզիչների սիրած արտահայտությունն է: Հայաստանում նույնպես այն հաճախ է օգտագործվում: Մինչեւ հեղափոխությունը՝ «սերժական ռուսամետները» այդ պիտակը կպցնում էին «արեւմտամետ հ/կ-ականներին»: Իսկ 2018-ից հետո փաստացի իշխանության եկած «հ/կ-ականները» այդ կերպ են բնութագրում «սերժականներին» եւ «քոչարյանականներին»:

Հետաքրքիր է, որ «հինգերորդ շարասյուն» արտահայտությունն իր ծագման պահին փոքր ինչ այլ իմաստ ուներ: 1936 թվականին, երբ իսպանացի նացիստները պաշարել էին Մադրիդը, այդ «հատուկ գործողությունը» ղեկավարող գեներալ Էմիլիո Մոլան, դիմելով պաշարվածներին, հայտարարեց, որ նա գրոհելու է մայրաքաղաքը՝ չորս ռազմական շարասյունով, բայց այնտեղ՝ Մադրիդում, կա նաեւ հինգերորդ շարասյունը՝ նա նկատի ուներ, որ քաղաքի ներսում ունի բազմաթիվ համակիրներ: Բայց շատ արագ հանրապետականներին, այսինքն՝ հակաֆաշիստներին համակրող լրագրողների համար այդ բառակապակցությունը դարձավ ներքին թշնամու, դավաճանի, լրտեսի հոմանիշ: Եվ հիմա հինգերորդ շարասյուն են կոչում ըստ էության բոլոր հակասական կերպարներին՝ սկսած բյուզանդամետ կաթողիկոս Պետրոս Գետադարձից, վերջացրած՝ այն ռուսաստանցիներով, որոնք ուզում են ապրել նորմալ, ժամանակակից պետությունում: 

Ռուսաստանյան պաշտոնական քարոզչությունում կա, այնուամենայնիվ, մեթոդաբանական սխալ. «Արեւմուտք»՝ որպես այդպիսին, գոյություն չունի, կան շատ տարբեր երկրներ՝ իրենց շահերով եւ հակասություններով: Ի տարբերություն Ռուսաստանի՝ գոյություն չունի «Արեւմուտքի թագավոր», որը հրահանգում է բոլոր փորձագետներին, քաղաքագետներին եւ լրագրողներին նույն բառապաշարով արտահայտել միեւնույն գաղափարները: Իսկ ով դա չի անում՝ նրանց անվանել «հինգերորդ շարասյուն»: Արեւմտյան առանձին վերցրած երկրների ներսում նույնպես չկա նման պարտադրանք. օրինակ, Գերմանիայի վարչապետի գրասենյակից չեն հրամայում բոլոր թատրոններին, համերգասրահներին եւ հրատարակչություններին՝ արգելել ռուսական մշակույթը: Կան ինչ-որ առանձին, հատուկենտ կառույցներ, որոնք հանդես են գալիս նման, թույլ տվեք ասել, մարազմատիկ նախաձեռնություններով: Բայց այդ կառույցները չնչին տոկոս են կազմում, եւ, հուսով եմ, մոտ ժամանակներս կհրաժարվեն իրենց անհեթեթ վարքագծից:

․․․ Իսկ ռուսական մշակույթն արժանի է ամբողջ աշխարհի խոնարհմանը: Օրինակ, ռուս մեծ գրող Լեւ Տոլստոյը գրում էր. «Մարդիկ, որոնք պատերազմը համարում են ոչ միայն անխուսափելի, այլեւ՝ օգտակար ու այդ պատճառով ցանկալի, այդ մարդիկ սարսափելի են իրենց բարոյական այլասերվածությամբ»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր