211652_close_icon
views-count2808 դիտում article-date 15:37 31-03-2022

Լաչինի միջանցքի համեմատությունը Հայաստանի տարածքով բացվելիք ճանապարհի հետ անընդունելի է. Փաշինյան

Ադրբեջանը խեղաթյուրում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, որը տարածաշրջանի բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերի վերականգնման Ադրբեջանի Արեւմտյան շրջանները Նախիջեւանին կապող ճանապարհի գործարկման մասին է: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դուք տեղյակ եք, որ Հայաստանը այս թեմայով համապարփակ առաջարկություններ է ներկայացրել: Չմտնելով մանրամասների մեջ, ասեմ, որ մեր առաջարկի էությունը հետեւյալն է. վերակառուցել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին, վերաբացել կամ կառուցել ավտոմոբիլային ճանապարհ, որը նաև կկապի Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանի հետ՝ սահմանային անցման կետերում իրականացնելով սահմանային, մաքսային եւ այլ հսկողություններ: 

Ադրբեջանը մեր այս դիրքորոշումը եւ ընդունում է, եւ չի ընդունում: Եվ սա արտահայտվում է հետեւյալում. նրանք ասում են, որ համաձայն են այս ճանապարհի գործարկման ցանկացած իրավական ռեժիմի, բայց նույն ռեժիմը պետք է գործի նաեւ Լաչինի միջանցքում եւ այս դիրքորոշումը հիմնավորելու համար հղում են անում նոյեմբերի 9-ի հայտարարությանը:

Այս խոսույթը անհիմն է երկու պատճառով. նախ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Հայաստանի Հանրապետության որեւէ տարածքի եւ դրա հետ առնչություն ունեցող միջանցքի մասին հիշատակում չկա, բայց «Լաչինի միջանցք» արտահայտություն կա: Լաչինի միջանցքը ոչ թե կամ ոչ միայն ճանապարհ է, այլեւ տարածք, որն ունի 5 կիլոմետր լայնություն: Այդ ողջ տարածքը, ըստ եռակողմ հայտարարության, գտնվում է ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո:

Եռակողմ հայտարարության 9-րդ կետում Հայաստանի որևէ տարածքի նկատմամբ որեւէ այլ երկրի վերահսկողության դրույթ պարզապես գոյություն չունի: Եւ հետո, Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի զուգահեռները տարօրինակ են՝ մի քանի պատճառներով: Նախ՝ Նախիջեւանը Ադրբեջանի հետ ունի ցամաքային կապ՝ Իրանի Իսլամական Հանրապետության եւ Թուրքիայի տարածքով: Օդային կապ՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի եւ Հայաստանի Հանրապետության օդային տարածքով:

Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ ունի միայն ցամաքային կապ, միայն Լաչինի միջանցքով եւ Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից որեւէ կերպ վերահսկվող տարածք դարձնելը նշանակում է մեկ բան՝ Լեռնային Ղարաբաղի հայաթափում»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Մենք կրկին անգամ արձանագրում ենք. Լաչինի միջանցքի համեմատությունը Հայաստանի տարածքով բացվելիք ճանապարհի հետ անընդունելի է, նոյեմբերի 9-ի հայտարարությունը Հայաստանի տարածքով որեւէ միջանցքի գոյություն չի նախատեսում եւ Հայաստանը չի ընդունել եւ չի ընդունելու միջանցքային որեւէ տրամաբանություն»,-ընդգծեց նա:

Նմանատիպ նյութեր