211652_close_icon
views-count56988 դիտում article-date 23:59 27-03-2022

Արտակարգ դեպք Երևանում. օրինախախտ Mercedes-ը կանգնեցնելուց հետո 51-ամյա տղամարդիկ՝ իրենց դնելով «ռեմբոյի» տեղը, հարվածներ են հասցրել աղջիկ-պարեկին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մարտի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, Դավիթ Բեկի փողոցի 106/5 հասցեի մոտ ավտոմեքենայի տեխզննում չունենալու համար կանգնեցրել են Mercedes մակնիշի 09 VO 999 համարանիշի ավտոմեքենան:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները մոտենալով ավտոմեքենային, վարորդից պահանջել են, որպեսզի ներկայացնի վարորդական իրավունքի վկայական, սակայն ավտոմեքենայի միջից 2 հոգի դուրս են եկել ու առանց որևէ պատճառի հայհոյանքներ են հնչեցրել պարեկների հասցեին, իսկ նրանցից մեկը՝ իրեն համարելով իբրև «լավ տղա» և դնելով «ռեմբոյի» տեղը, հարվածներ է հասցրել երիտասարդ աղջիկ-պարեկին, և խոչընդոտել են պարեկների օրինական գործողություններին:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, արդեն դեպքի վայր ժամանած ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկներն ու ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները նշված անձանց բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նրանք են՝ Երևան քաղաքի բնակիչներ, 51-ամյա Անդրանիկ Ղ.-ն, 51-ամյա Միշա Ս.-ն:
 
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
 
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
 
Անդրանիկ Ղ.-ն ձերբակալվել է, իսկ Միշա Ս.-ն բաց է թողնվել:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, «ճիվաղի» կողմից աղջիկ-պարեկը հարվածներ ստանալուց հետո «աջ նախաբազկի և դաստակի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր