73825 դիտում
19:46 27-05-2020
Արտառոց դեպք Արարատի մարզում՝ «Կոնտինենտալ» ռեստորանի բակում. նշանված քրոջ նշանը հետ տալու պատճառով եղբայրը դանակի մի քանի հարվածներ է հասցրել ապագա փեսային. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ մայիսի 26-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:40-ի սահմաններում Երևան քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «Էպիգաստրալ ձախ նստատեղի ծակած-կտրած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 24-ամյա Իսրայել Ա.-ն է:
Վերջինս բժիշկներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է Երևան-Երասխ ավտոճանապարհին գտնվող «Կոնտինենտալ» ռեստորանի բակում՝ ավտոմեքենայի առևանգումը կանխելու ժամանակ, երբ ինքը փորձել է կանխել առևանգումը, դանակի հարվածներ է ստացել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Մասիսի բաժին:
Ժամերի ընթացքում ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ ոստիկանության Մասիսի բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ, կատարելով հսկայածավալ օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ վիրավոր Իսրայել Ա.-ի հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: Նա փորձել է իրավապահներին մոլորեցնել:
Մասիսի ոստիկանները Երևան քաղաքում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 22-ամյա Սարգիս Գ.-ին, ով Իսրայել Ա.-ին դանակով մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Մասիսի բաժին:
Փաստերի ճնշման տակ պարզվել է, որ «Կոնտինենտալ» ռեստորանի բակում վիճաբանութուն է տեղի ունեցել Սարգիս Գ.-ի և Իսրայել Ա.-ի միջև, որի ժամանակ էլ Սարգիս Գ.-ն դանակով հարվածներ է հասցրել Իսրայել Ա.-ի մարմնի տարբեր մասերին և պատճառը եղել է այն, որ Իսրայել Ա.-ն նշանված է եղել Սարգիս Գ.-ի քրոջ հետ և նշանը հետ է տվել, ինչի համար էլ հանդիպել են միմյանց հետ, որն ավարտվել է դանակահարությամբ:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2089 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)