211652_close_icon
views-count1827 դիտում article-date 15:11 25-03-2022

ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը և EU4Sevan ծրագրի թիմը քննարկեցին Սևանա լճի վերաբերյալ առաջնահերթությունները և համագործակցության հնարավորությունները

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը և «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4Sevan) ծրագրի թիմը քննարկեցին Սևանա լճի էկոլոգիական վիճակի բարելավման համար առաջնահերությունները և համագործակցության հնարավորությունները: 
 
Քննարկմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը, հանձնաժողովի անդամներ՝ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի գեոբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ Գեորգի Ֆայվուշը, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական գծով տնօրենի տեղակալ, հաշվողական և իմացական ցանցերի բաժնի վարիչ Վլադիմիր Սահակյանը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, աշխարհագրական տեղեկատվական համակարգի մասնագետ Ալեքսանդր Առաքելյանը, ինժեներ-հիդրոլոգ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ալեքսեյ Թարվերդյանը, հիդրոլոգ Օֆելյա Գրիգորյանը, EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելը, ծրագրի կոյուղաջրերի կառավարման գծով խորհրդական Նվեր Խաչատուրյանը, ՄԱԶԾ բաղադրիչի (էկոհամակարգային կառավարում) համակարգող Աստղիկ Դանիելյանը:
 
Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված EU4Sevan ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:
 
EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելն ասաց, որ հիմնական նպատակն է ունենալ ընդհանուր տեսլական և համատեղ լուծել Սևանա լճի հետ կապված բարդ և բազմաբաղադրիչ խնդիրները: «Մեզ համար շատ կարևոր է գիտահետազոտական բաղադրիչը: Որոշում կայացնող անձիք պետք է կայացնեն գիտահեն, փաստահեն որոշումներ: Մենք այստեղ փնտրում ենք համագործակցության եզրեր: Առաջին քայլն արված է, մեր ծրագրում ներգրավված է հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Առաքելյանը՝ որպես ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման գծով խորհրդական», - ասաց Քրիստիան Հենշելը:
 
ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանն ասաց. «Ծրագրի շրջանակներում իրականացվող գործողությունները սերտորեն համակարգվում են Հայաստանի կառավարության հետ, և որոշումները կայացվելու են կառավարության կողմից, ունենալու են իրավական ուժ: Սևանա լճի հետ կապված գործողությունները համակարգվելու են և բխելու են այդ որոշումներից»:
 
ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը նշեց. «Ամենակարևորը ջրի որակն է, իսկ այն հնարավոր է բարելավել լճի մակարդակի բարձրացմամբ: Մենք պետք է մտածենք ջրի ավելի արդյունավետ օգտագործման ուղղությամբ: Կլիմայի փոփոխության ներկայիս պայմաններում պետք է նվազեցնել ջրի ելքը լճից, իսկ դրա համար պետք է նվազեցնել ջրի կորուստները, որոնք որոշ տեղերում հասնում են 80 տոկոսի»:
 
ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական գծով տնօրենի տեղակալ Վլադիմիր Սահակյանն առաջարկեց ծրագրում ներառել տվյալների հավաքագրման բաղադրիչը: «Ամենաբարդը տեղեկատվության հավաքագրումն է: Տարիներ առաջ մենք փորձեցինք ստեղծել տվյալների բազա՝ հավաքագրելով տվյալներ Սևանա լճի հետ կապված գործունեություն իրականացնող կազմակերպություններից: Մեր համակարգն աշխատեց կես տարի, որից հետո կազմակերպություններն այլևս տեղեկատվություն չտրամադրեցին: Տեղեկատվության հավաքագրումը շատ կարևոր է, դրա համար  պետք է լինեն պայմանագրեր այդ բոլոր կազմակերպությունների հետ», - ասաց նա:
 
Տեխնիկական գիտությունների թեկնածու Ալեքսեյ Թարվերդյանը բարձրացրեց Սևանա լճի ավազանում կոյուղաջրերի մաքրման հարցը. «Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվում է նախագիծ, որով նախատեսվում է գոյություն ունեցող մաքրման կայանների փոխարեն տեղադրել լոկալ մաքրման կայաններ: Ծրագրի շրջանակներում պետք է գնահատել՝ տեղադրել այդ լոկալ կայանները, թե՝ ոչ, ինչ անել գոյություն ունեցող հզոր կայանների հետ»:
 
ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի և EU4Sevan ծրագրի թիմի կողմից ձեռք բերվեց պայմանավորվածություն ամրապնդել և զարգացնել համագործակցությունը:
 

Նմանատիպ նյութեր