211652_close_icon
views-count1436 դիտում article-date 16:48 07-09-2021

ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը և Հայաստանում Բուլղարիայի դեսպան Կալին Անաստասովը քննարկեցին գիտական համագործակցության հեռանկարները

Սույն թվականի սեպտեմբերի 7-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին ՀՀ ԳԱԱ-ի և Բուլղարիայի գիտությունների ազգային ակադեմիայի համագործակցության հեռանկարները, զարգացման ուղիները, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող գիտական ոլորտները:

Ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ասաց, որ անհրաժեշտ է ոչ միայն վերականգնել նախկինում ունեցած գիտական կապերը, այլ նաև համագործակցությունը հասցնել նոր, ավելի բարձր մակարդակի՝ հաշվի առնելով գիտության նկատմամբ նոր պահանջները: Նա նշեց համատեղ իրականացվող հաջողված ծրագրերը ինֆորմատիկայի, աստղագիտության, երկրաբանության ոլորտներում և ընդգծեց ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը:

«Գլոբալ մարտահրավերների ժամանակաշրջանում շատ կարևոր է գիտական ակտիվ համագործակցությունը ՀՀ ԳԱԱ-ի և Բուլղարիայի ազգային ակադեմիայի ինստիտուտների միջև, ինֆորմացիայի և փորձի փոխանակումը, համատեղ ծրագրերի իրականացումը Եվրոպական միության համագործակցության շրջանակներում», - նշեց Աշոտ Սաղյանը:

Դեսպան Կալին Անաստասովը նշեց պատմական կապերը Հայաստանի և Բուլղարիայի ժողովուրդների միջև: Ըստ նրա՝ այս դժվարին ժամանակներում անհրաժեշտ է բարձրացնել երիտասարդության շրջանում գիտության նկատմամբ հետաքրքրվածությունը: «Անհրաժեշտ է զարգացնել համագործակցությունը երիտասարդ գիտնականների միջև, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ինքնակայանալու և ամրապնդելու իրենց ապագան գիտության մեջ», - ասաց Կալին Անաստասովը:

Քննարկվեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի և Բուլղարիայի գիտությունների ազգային ակադեմիայի միջև համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը, ինչի համար ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը և դեսպան Կալին Անաստասովը խոստացան ներդնել բոլոր ջանքերը:

Նմանատիպ նյութեր