211652_close_icon
views-count2405 դիտում article-date 09:18 12-03-2022

Կրեմլն օգտագործում է Անվտանգության խորհուրդը՝ աշխարհին մոլորեցնելու համար․ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան. «Ամերիկայի ձայն»

ՄԱԿ-ը տեղյակ չէ Ուկրաինայում «կենսաբանական զենքի ծրագրի» մասին, ուրբաթ օրն ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում, որը գումարվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ:

Դի Կարլոն նաև զգուշացրել է, որ ուկրաինական ատոմակայաններում վթարի հավանականությունը «ամեն օր ավելանում է»։

Ելույթ ունենալով Ուկրաինայում կենսաբանական զենքի լաբորատորիաների առկայության մասին չհիմնավորված պնդումների շուրջ Մոսկվայի հրավիրած հանդիպմանը՝ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն էլ ավելի կատեգորիկ էր իր գնահատականում։

«Ռուսաստանը խնդրել է Անվտանգության խորհրդին այսօրվա նիստն անցկացնել միայն ստելու և ապատեղեկատվություն տարածելու համար, և դա հենց այն է, ինչ դուք լսել եք Ռուսաստանի մշտական ներկայացուցչից», - ասել է Թոմաս-Գրինֆիլդը:

«Ռուսաստանը փորձում է օգտագործել Անվտանգության խորհուրդը, օրինականացնել ապատեղեկատվությունը՝ մարդկանց մոլորեցնելու և դրանով իսկ արդարացնելու պատերազմը, որը նախագահ Պուտինը ընտրել էր ուկրաինացի ժողովրդի դեմ: Չինաստանը նույնպես ապատեղեկատվություն է տարածում՝ աջակցելու Ռուսաստանի բացահայտ պնդումները»:

Թոմաս-Գրինֆիլդը վստահեցրել է, որ «Ուկրաինայում կենսաբանական զենքի [ստեղծման] ծրագրեր չկան, և ԱՄՆ-ի կողմից մատակարարվող լաբորատորիաներ չկան՝ ոչ Ռուսաստանի սահմանների մոտ, ոչ էլ որևէ այլ տեղ»։ ՄԱԿ-ում ամերիկյան առաքելության ղեկավարը, ընդհակառակը, լուրջ մտահոգություն է հայտնել Ուկրաինայում Մոսկվայի կողմից քիմիական կամ կենսաբանական զենքի հնարավոր կիրառման կապակցությամբ։

«Այդ կեղծ հայտարարությունների հետևում [Մոսկվայի] մտադրությունները հասկանալի են և մեծ անհանգստություն են առաջացնում։ Մեր կարծիքով, Ռուսաստանը կարող է քիմիական կամ կենսաբանական զենք օգտագործել որպես քաղաքական սպանության միջոց. որպես մտացածին պատրվակով կամ «կեղծ դրոշով» իրականացվող գործողությունների մաս կամ մարտավարական ռազմական գործողություններում»,- ասել է Թոմաս-Գրինֆիլդը: «Մենք նախագահ Պուտինին կոչ ենք անում վերջ տալ ուկրաինացի ժողովրդի դեմ այս չհրահրված, աներևակայելի պատերազմին»:

ՄԱԿ-ի զինաթափման հարցերով գերագույն ներկայացուցիչ Իզումի Նակամիցուն ասել է, որ այնպիսի իրավիճակներ, ինչպիսին է Ուկրաինայում պատերազմը, պահանջում է խստացնել կենսաբանական զենքի արտադրության և պահպանման միջազգային արգելքը։

Ռոզմարի Դի Կարլոն նաև ընդգծել է ուկրաինական պատերազմին վերջ տալու համար բանակցությունները շարունակելու հրատապությունը։ Նա կոչ արեց Ռուսաստանին և Ուկրաինային զարգացնել նման շփումները: Նման ակտիվության վերջին օրինակը Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպումն էր, որը տեղի ունեցավ հինգշաբթի օրը Թուրքիայում։

Նմանատիպ նյութեր