211652_close_icon
views-count9209 դիտում article-date 19:50 04-03-2022

«Էրեբունի» ԲԿ-ն ունի կոնտրաստային մամոգրաֆիայի հնարավորություն՝ գերճշգրիտ սարքավորում կրծքագեղձի ուռուցքների և ամենափոքր օջախների վաղ հայտնաբերման համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կրծքագեղձի  ուռուցքը  անհանգստացնող խնդիր է ողջ աշխարհում։ Մեր երկրում, ցավոք, դեպքերի մոտ 50 տոկոսը վաղ փուլում չի հայտնաբերվում, քանի պրոֆիլակտիկ հետազոտվելու մշակույթը բավականաչափ զարգացած չէ։ Մինչդեռ  ուռուցքի վաղ շրջանում հայտնաբերելն  ապահովում  է  բուժման շատ բարձր  ցուցանիշ։ Զարգացած երկրներում  այն 100 տոկոս է, որովհետև  կանայք հետազոտվում են, եթե նույնիսկ  գանգատ չունեն։ 

Էրեբունի ԲԿ  Մամմոլոգիայի և կրծքագեղձի  վիրաբուժության ծառայության ղեկավար Ներսես Բերբերյանի խոսքով,  բաժանմունքն արդեն ունի նորագույն, գերճշգրիտ, շատ քիչ ճառագայթային ծանրաբեռնվածություն ունեցող սարք, որը թույլ է տալիս ստանալ  բարձրակարգ պատկերներ և ունի կոնտրաստային մամոգրաֆիայի հնարավորություն։

Ներսես Բերբերյանի փոխանցմամբ, հատկապես  փոքր ուռուցքային օջախները, որոնք մամագրաֆիայի միջոցով  դժվար են նույնականացվում, կոնտրաստային մամոգրաֆիան թույլ է տալիս տեսնել։ 

Մամմոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության բաժանմունքի վերաբացման  առիթով,  ծառայության  ղեկավարն այսօր ներկայացնելով  նորագույն  սարքավորումը, նշել է․«եթե նախկինում հետազոտվելը  որոշակի  անհարմարություն է ստեղծել, ցավի զգացողություն է եղել, ապա հիմա այցելուն ինքն է կարգավորում վահանակի միջոցով որքան սեղմի այն»։ 
Նոր սարքավորումը Հայաստան է բերվել  երկու շաբաթ առաջ,  արդեն գործարկվել է, հետազոտություններ են  կատարվել  ու տպավորիչ արդյունքներ կան։ Ն․ Բերբերյանի խոսքով, հետազոտությունը  մատչելի է և հասու  բոլորին։ 

Բաժանմունքը սկսել է համագործակցել  ոլորտում  մեծ փորձառություն ունեցող  գերմանացի բժիշկ, պրոֆեսոր  Աքսել  Գրոուինգhոլթի հետ։ Փորձի  փոխանակումից,  մասնագիտական հարցերի քննարկումից  բացի, գերմանացի բժիշկը  պատրաստ է առցանց հարթակում  խորհրդատվություն տալ այն այցելուներին, ովքեր կցանկանան  լսել  կարծիք՝ իրենց հետազոտության մասին։

«Սա յուրօրինակ սարքավորում է, որը ախտորոշման բնագավառում մեծ հնարավորություններ է տալիս։ Բացի  եռաչափ  նկարներից, այն նաև բավականին հարմարավետ է կնոջ համար։ Կոնտրաստային մամոգրաֆիան, որը ինչ որտեղ կարող է փոխարինել MRT հետազոտությանը, շատ մատչելի է և արագ է կատարվում։  Այս սարքով կարելի  է որոշել  նույնիսկ  ամենափոքր  բազմաօջախային ախտահարումը, որոնց  հնարավոր չէ նկատել մամոգրաֆիկ պատկերի վրա երբ կուրծքը ունի համեմատաբար ավելի խիտ կառուցվածք», -իր խոսքում ասել է միջոցառմանը ներկա Աքսել  Գրոուինգհոլթը։ 

«Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ հիմնադիր-նախագահ Նվարդ Քոչարյանի խոսքով էլ ուրախալի է, որ բաժանմունքը ձեռք է բերել  նաև նոր բազմաֆունկցիոնալ աթոռ, որը հատկապես հաշմանդամություն ունեցող կանանց համար ավելի հարմարաետ է դարձնելու հետազոտությունը։

«Հաշմանդամ կանանց համար այդ խնդիրն այլեւս չկա, սա իսկապես մեծ հաջողություն է, լուրջ հնարավորություն է ստեղծվել  նրանց հետազոտվելու համար», -ասել է Ն․ Քոչարյանը։
   
Մարինա  Հովհաննիսյան 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր