211652_close_icon
views-count115794 դիտում article-date 13:00 26-02-2022

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. 35-ամյա վարորդը Mercedes-ով վերգետնյա անցման հարևանությամբ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի, վերջինս տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Շիրազի փողոցում՝ SPC բենզալցակայանի դիմաց, Երևանի բնակիչ՝ 35-ամյա  Բեգլար Սահակյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է բենզալցակայանի աշխատակիցների հետ օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Արթուր Հակոբյանն ու Գարիկ Վարոսյանը, որպեսզի խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է, և երթևեկությունը կարգավորված է։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝։

Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է  քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի, հատկապես կարևոր գործերով ավագ Մանվել Մուրադյանի  և հատկապես կարևոր գործերով քննիչ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։

Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, պարեկները՝ գումարտակի հրամանատար Գ. Առաքելյանի, վաշտի հրամանատար Գ. Եփրեմյանի գլխավորությամբ օպերատիվ տվյալներով պարզել են մահացածի ինքնությունը. նա Երևան քաղաքի բնակիչ, 74-ամյա Ժորա Գրիգորյանն է։ 

Պարեկները հայտնաբերել են նաև Opel մակնիշի ավտոմեքենա, որը վրաերթի ենթարկվածինն է, ով վերգենտյա անցումից մոտ 400 մետր ներքև կայանել էր ավտոմեքենան և չթույլատրելի հատվածով փորձել անցնել փողոցը։

Mercedes-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ 

Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Մ. Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ 

Քննիչի հանձնարարականով Mercedes-ը տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 191+
191+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր