211652_close_icon
views-count1330 դիտում article-date 12:12 26-02-2022

Եվրամիություն-Ռուսաստան՝ գաղափարական հակասություն․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ենթադրվում է, որ «Արեւելյան գործընկերության» տեսլականն ունի հեռուն գնացող մտադրություններ: ԵՄ-ին ինտեգրվող եւ կայուն պետական ինստիտուտներ հիմնող պետությունը կունենա ի՛ր ժողովրդին, ոչ թե «Կենտրոնին» հաշվետու կառավարություն: Այնպիսի պետություն, որ ժողովրդի եւ Մոսկվայի շահերը չհամընկնելու դեպքում իշխանությունը կընտրի ժողովրդի շահը։

Այսպիսով՝ Ռուսաստանի ազդեցության գոտին անհամատեղելի է ոչ միայն «Արեւելյան գործընկերության» կողմից նախատեսվող եվրաինտեգրման ձեւի հետ, այլեւ ավելի հիմնարար մակարդակով այն երկրների շահերի հետ, որոնք ունեն եվրոպամետ քաղաքականություն: Ուստի, ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանի եւ Եվրոպայի մրցակցությունը ոչ միայն աշխարհաքաղաքական է, այլ նաեւ գաղափարական։ Դա օբյեկտիվորեն չի կարող բխել ռուսական շահերից: ՌԴ իշխանական ռեժիմն այս երկրների կայունացումն ու ժողովրդավարացումը դիտարկում է որպես սպառնալիք ոչ միայն իր արտաքին քաղաքական հավակնությունների, այլեւ ներքին կառավարման համակարգի համար:

Եվրոպական հասարակության ընկալմամբ Արեւելյան հարեւանության տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի հակամարտություններում առկա է Ռուսաստանի ուղղակի միջամտությունը: Այնուամենայնիվ, «Արեւելյան գործընկերությունը» գործնականում լռում է չլուծված հակամարտությունների վերաբերյալ: Սա մասամբ պայմանավորված է այս հակամարտությունների մեջ չներքաշվելու ԵՄ մտադրությամբ: Չնայած փորձում է նպաստել իր արեւելյան հարեւանների զարգացմանը, սակայն չի անդրադառնում այդ զարգացումը կասեցնելու ամենակարեւոր խնդիրներից մեկին` սառեցված հակամարտություններին: Դա էլ Մոսկվային տալիս է լուրջ գործիքակազմ` խաթարելու այդ երկրների արեւմտյան ինտեգրումը:

Ընդհանուր առմամբ, մինչ ԵՄ-ն խոստանում է «ավելին՝ ավելիի դիմաց» բարեփոխումների համար աջակցության կարգախոս, Ռուսաստանն զգուշացնում է, որ եթե արեւելյան հարեւանության երկրներն ընտրեն եվրոպական ինտեգրումը, ոչ միայն կկործանեն իրենց տնտեսությունները, այլեւ ֆիզիկապես կմասնատվեն: Վերլուծաբանների կարծիքով՝ եվրոպացի առաջնորդները չեն կարողացել համարժեքորեն պատասխանել Ռուսաստանի նման նախազգուշացումներին: Ինչ-որ իմաստով ԵՄ-ն եւ Ռուսաստանը գործում են տարբեր հաճախականություններով, ինչն էլ ԵՄ-ին հետ է պահում Ռուսաստանի քաղաքական քայլերն արդյունավետորեն գնահատելուց:

Այսպիսով, եթե ԵՄ-ն ցանկանում է հաջողության հասնել «Արեւելյան գործընկերության» իր նպատակների մեջ, պետք է ուղիներ գտնի Ռուսաստանից եկող մարտահրավերներին դիմակայելու համար: Փորձագետների մի մեծ խումբ կարծում է` ԵՄ-ի «Արեւելյան գործընկերության» ապագան կախված է ՆԱՏՕ-ի հետ արդյունավետ, ինստիտուցիոնալ համագործակցությունից եւ անդրատլանտյան կապի ակտիվացումից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր