211652_close_icon
views-count18573 դիտում article-date 22:34 25-02-2022

Արձակուրդիս ավարտից հետո իմ դիմումի համաձայն կազատվեմ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետի աշխատանքից․ Նունե Հովսեփյան

Արդեն մեկ շաբաթ է գտնվում եմ արձակուրդում, որի ավարտից հետո իմ դիմումի համաձայն կազատվեմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետի աշխատանքից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նունե Հովսեփյանը։

«Իմ կարծիքով՝ նոր ՄԻՊ-ը պետք է հնարավորություն ունենա որոշելու, թե ով իրականացնի իր աշխատանքի հանրայնացումը և այդ հարցում չպետք է կաշկանդված լինի իմ պաշտոնի համար նախատեսված երաշխիքներով։

Վերջին 5 տարիներն ինձ համար եղել են փորձություններով, հիասթափություններով ու հաջողություններով լի տարիներ։ Անկախ դրանից՝ ամեն օր զարգացրել եմ իմ մասնագիտական կարողություններն ու ներդրել դրանք իմ աշխատանքում՝ առանց հաշվի առնելու օրվա ժամը, տոնական օրերն ու իմ անձնական կյանքը։

Շնորհակալ եմ իմ ղեկավարին՝ պարոն Թաթոյանին, հանրային կապերի պատասխանատու ու բարդ ոլորտն ինձ վստահելու համար և, իհարկե, այն բոլոր մարդկանց, որոնք տարբեր տարիներին աշխատել են հանրային կապերի բաժնում, քանի որ առանց թիմային աշխատանքի հնարավոր չէ ապահովել դրական արդյունք։

Շնորհակալ եմ նաև լրագրող գործընկերներիս, քանի որ իմ կարծիքով՝ համագործակցությունն իսկապես ստացված է եղել։

Ցանկացած աշխատավայրում առաջնայինն ինձ համար եղել և մնում են մարդիկ, և ես շատ ուրախ եմ, որ այս աշխատավայրից ևս շատերը կմնան իմ կյանքում՝ որպես անփոխարինելիներ:

Այս տարիներին ձեռք եմ բերել այնպիսի կարևոր փորձ ու հմտություններ, որոնք իմ առջև արդեն նոր հնարավորություններ են բացել»,-գրել է Նունե Հովսեփյանը:

Նմանատիպ նյութեր