211652_close_icon
views-count41376 դիտում article-date 23:18 23-02-2022

Քեզ բացակա չենք դնի. Ծնունդդ շնորհավո՛ր, 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած 20-ամյա հերոս Յուրա Գաբրիելյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏՍԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 22-ին, Արարատի մարզի Նոր Ուղի գյուղի միջնակարգ դպրոցում «Հավերժական ծաղիկներ» հուշ-երեկույթ էր:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն նվիրված էր նույն գյուղում ծնված, դպրոցի շրջանավարտներ, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսներ Սամվել Վարդանի Գևորգյանի, Նարեկ Արթուրի Խաչատրյանի, Յուրա Աշոտի Գաբրիելյանի, Մնացական Գեղամի Խաչատրյանի, Արթուր Արմենի Սահակյանի, Կարեն Մանուկի Հունանյանի հիշատակին։

Դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվեց  Արցախյան  44-օրյա պատերազմում  նահատակված, լեգենդ դարձած, դպրոցի շրջանավարտ,  20-ամյա Յուրա Գաբրիելյանի անունով:

Մինչ դասասենյակի բացումը, դպրոցի փառքի սրահում տեղի ունեցավ միջոցառում, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին փառքի սրահում հավերժացած, լեգենդար շրջանավարտների լուսանկարների առջև:

Միջոցառմանը ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ դպրոցական ու զինվորական, հերոսածին մայրեր:

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայուցիցչներ, այդ թվում՝ գլխավոր շտաբից։

Դպրոցի սաները կենդանի կատարմամբ ներկայացրեցին հայրենասիրական երգեր, իսկ ռազմագիտության դասղեկի գլխավորությամբ երեխաները ցուցադրեցին մի քանի մարտական հնարքներ, այդ թվում՝ ինչպես վնասազերծել թշնամուն։

Դասասենյակի բացման համար կարմիր ժապավենը կտրեցին հերոսի հայրն ու  «Վեդի Ալկո» ընկերության ներկայացուցիչը:

Երեկ՝ փետրվարի 22-ին, հերոս  Յուրա Գաբրիելյանը կդառնար 20  տարեկան: 
 
Աշխարհը նորից խաղաղ չէ,
Նորից մեր զավակներն են զոհվում,
Ու ամեն կորուստ մեր սրտի,
Հոգու միջով է  անցնում...

Յուրա Աշոտի Գաբրիելյանը ծնվել է 2002թ.-ի փետրվարի 22-ին, Արարատի մարզի Գինեվետ համայնքում: Այս լույս տղան բարության խորհրդանիշն էր ամենքի սրտում: Ով թեկուզ մեկ անգամ տեսել էր Յուրային, կյանքում հաստատ չի մոռանա այն դրական էներգիան, այն ժպիտը, այն միամիտ հումորները...

2020 թ.-ի հուլիսի 29-ին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայել է Վարանդայի (Ֆիզուլի)  շրջանի N զորամասի զրահատանկային վաշտում: Հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Յուրան իր ծառայակիցների ջոկատի հետ գտնվել է  Վարանդայի թեժ մարտերի գոտում:Նրանք ցանկացել են առաջ շարժվել և հրամանատարի հետ ռադիոկապի դուրս գալու պահին ԱԹՍ-ի հարվածից  22 հոգանոց ջոկատից 16 զինծառայող վիրավորվում են,  6-ը, այդ թվում՝ Յուրան, ցավոք, զոհվում են:

Փա՛ռք քեզ, մեր անմահ հերս:
Փա՛ռք մեր բոլոր հերոսներին:

Այսպիսի  նվիրյալ ու քաջ տղաների սխրագործությունների և անձնազոհության շնորհիվ ամուր են պահվում հայրենի եզերքի սահմաները՝ թույլ չտալով թշնամուն ոտք դնել մեր հերոս զավակների արյամբ ավելի սրբացած հողին:


Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 154+
154+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր