211652_close_icon
views-count1909 դիտում article-date 09:55 15-02-2022

Հայաստան հրատարակչությունը 100 տարեկան է. գրական-երաժշտական ցերեկույթ Գրականության և արվեստի թանգարանում . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի հրատարակչությունն ունի դարերի պատմություն: Իր պատմության ընթացքում այն ապրել է զարգացման մի շարք փուլեր՝ ներկայացնելով ինչպես գրքեր, այնպես էլ բացիկներ,թերթեր ու ամսագրեր,այնպես էլ գրքեր,դասագրքեր և այլն: Խոսենք մի հրատարակչության մասին,որը արդեն շուրջ 100 տարի զբաղվում է հրատարակչությամբ՝բավարարելով խստապահանջ ընթերցողներին ներկայացնելով իր տպագրությունն ինչպես մեր երկրում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Խոսքը Հայաստան հրատարակչության մասին է, որը ստեղծվել է 1921 թվականի հունիսի 10-ին Ժողկոմխորհի դեկրետով, որի տակ ստորագրել է Ալեքսանդր Մյասնիկյանը»։

Մինչև 1964 թվականը կոչվել է «Հայաստանի պետական հրատարակչություն»՝ «Հայպետհրատ»: Այն հրատարակում է հասարակական-քաղաքական, գիտական, գիտահանրամատչելի, գյուղատնտեսական գրականություն, ինչպես նաև տեղեկատուներ, օրացույցներ, պլակատներ ևս։ Հայպետհրատի առանձին բաժինների հիման վրա ստեղծվել են մի շարք հրատարակչություններ, որոնցից են «Կուսհրատը», «Քաղհրատը», «Խորհրդային գրողը», «Հայպետգիտտեխհրատը»: Սա ժամանակի ընթացքում ղեկավարել են անվանի գրողներ ու մտավորականներ  Ռուբեն Զարյանը, Մկրտիչ Սարգսյանը, Գևորգ Արշակյանը, Վիգեն Խեչումյանը, մարդիկ, որոնք կազմավորել են հրատարակչությունը իսկ վերջին 25 տարիներին «Հայաստան» հրատարակության տնօրենն էր գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյանը՝ աշխատելով այնտեղ դեռ խորհրդային տարիներից որպես կրտսեր խմբագիր։

Այսպիսով կապված մեկ դարյա հոբելյանի հետ գեղեցիկ միջոցառում էին կազմակերպել հայ արվեստասեր ու ընթերցասեր հասարակության սիրված վայրերից մեկում՝Եղիշե Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանում: Այստեղ գրական-երաժշտական ցերեկույթով նշվեց «Հայաստան» հրատարակչության 100-ամյակը:

Միջոցառմանը մասնակցում էին տարբեր սերունդների ներկայացուցիչներ ու մասնագիտություններ ունեցող մարդիկ:

Բացելով այս գեղեցիկ միջոցառումը՝ գրականության ու արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանն, ով շուրջ տարի ղեկավարել է հրատարակչությունը հակիրճ ներկայացրեց հրատարակչության մեկդարյա պատմական ընթացքը։

Խոսելով հրատարակության պատմության մասին նա նշեց ,որ այն կարելի է  համեմատել  «Հարյուր տարվա մի ճանապարհի հետ, որը համընկնում է մեր ժողովրդի բախտի ու ճակատագրի հետ։ Թե ինչ վայրիվերումներով անցավ և' հրատարակչությունը, և' մեր ժողովուրդը։ Մենք խորհրդային շրջանում ունեցանք կատարյալ մի հրատարակչություն՝ իր կառուցվածքով և ամեն ինչով, սակայն տեսանք նաև գլավլիտյան բռնաճնշումները։

Գրաքննության, որ մինչև այսօր իր վերքերը դեռ չի ապաքինել։ Հրատարակչությունը հիմա ղեկավարում է Նաիրա Սարգսյանը, լավ հմուտ է մեր գրական աշխարհին, գիտի գրողներին։ Նա ունի փորձ, ունի գրողների հետ շփվելու և գրահրատարակչությունը տեղից շարժելու փորձ»։ Վահագն Սարգսյանի համոզմամբ, «Հայաստան» հրատարակչության անցած ճանապարհը նշանավորվում է հենց հիմնադրման ակունքներում և դրանից հետո կանգնած նվիրյալներով, որոնցից մեկն էր նաև մեր մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցը. - «Մեզանում ոչ միայն ձևավորվեցին հրատարակչական գործի մասնագետներ, այլև այնտեղ աշխատեց Եղիշե Չարենցը, որ դրեց իր մատենաշարերով, գրքերի տպագրության որակով, բնութագրիչներով մեծ ավանդներ։ Այնտեղ աշխատեց Ռուբեն Զարյանը, հատկապես նրա աշխատած տարիները համընկան պատերազմի տարիներին, և նրա հովանավորությամբ ստեղծվեցին Դեմիրճյանի «Վարդանանքը», Ստեփան Զորյանի «Պապ թագավորը» և այլն։ Հետագայում՝ 60-ականներին գլխավոր խմբագիրն էր Մկրտիչ Սարգսյանը, որ էլի մեծ ավանդներ ստեղծեց, նրա ժամանակ գրքերի տպաքանակները հասան 50, 60, 70 հազարի, որովհետև գրքի հանդես սերը կարծես թե ավելացավ։ Հենց այդ տարիներին տեղի ունեցավ Պարույր Սևակի «Եղիցի լույս»-ի ոդիսականը։ Եվ կարծես թե դա մնաց և' խորհրդային երկրի, և' մեր իշխանավորների վրա մի խարան, դաջվածք։

Հետագայում անկախության շրջանը շատ բարդ շրջան էր, հաղթահարեցինք շատ խոչընդոտներ, բայց դիմակայեցինք։ Եվ փաստ Աստծու, հրատարակչությունը հենց նույն անկախության շրջանում տպեց բազմաթիվ գրքեր, որոնցով այսօր ինքը կարող է հպարտությամբ մտնել շուկա։ Ասենք, Գարեգին Նժդեհի առաջին լիակատար ժողովածուն հրատարակեց «Հայաստան» հրատարակչությունը, առաջինը մատուցեց այդ մեծ հայորդու անունը։ Ասենք, «Սասունցի Դավթի» համահավաք տեքստի անգլերեն առաջին թարգմանությունը մենք հրատարակեցինք և այլն, և այլն։ Մենք այսօր բաց ճակատով ենք մտնում մեր երկրորդ հարյուրամյակը»։

Խոսելով ներկայիս գործունեության մասին նա նշեց,որ սա մեր իրականությունում ամենաբեղուն գործունեությունը ծավալած հրատարակչությունն է և հայտնի է ունիվերսալիզմով, որովհետև հրատարակել և շարունակում է լույս ընծայել գեղարվեստական, գիտական, երաժշտական, երաժշտագիտական արվեստին և այլ ոլորտներին նվիրված գրականություն: Նրա խոսքով՝ հրատարակչության տպաքանակները նվազել են, սակայն կարողացել են պահպանել «Հայաստան»-ի ակունքներում կանգնած մարդկանց թողած ավանդույթները:

Վահագն Սարգսյանը տեղեկացրեց, որ հրատարակչությունն առաջիկայում լույս է ընծայելու ժամանակակից հայ հեղինակների գործեր, «Ռուս պոեզիայի անթոլոգիա»-ի վեցերորդ հատորը:

Հրատարակչության հոբելյանի հետ կապված իրենց սրտի խոսքերն ուղղեցին սիրված մտավորականներ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Դավիթ Գասպարյանը, հրատարակիչ, խմբագիր Հովհաննես Այվազյանը, Հայաստանի գրողների միության քարտուղար Պետրոս Դանիելյանը, գրականագետ,  բանասիրական գիտությունների Սամվել Մուրադյանը։

Միջոցառումը հագեցած էր նաև երաժշտական համարներով ու գեղեցիկ ասմունքով,որն ուղեկցվեց Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաների երաժշտական ելույթներով և ասմունքող Գայանե Սամվելյանի ընթերցումներով։

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Գրականության ու արվեստի թանգարանի ֆեյսբուկյան էջի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր