211652_close_icon
views-count2418 դիտում article-date 22:22 08-02-2022

Հունանյանը հաստատում է՝ Բելառուսի դեսպանն այսօր եղել է ՀՀ ԱԳՆ-ում

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հաստատում է այն տեղեկությունը, որ Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը այսօր՝ փետրվարի 8-ին, եղել է Հայաստանի արտգործնախարարությունում: ԱԳՆ մամուլի խոսնակն  այս  տեղեկությունը  հայտնեց   «Արմենպրես»-ի  թղթակցի   հետ  զրույցում՝  զերծ մնալով  հավելյալ  մեկնաբանություններից:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական «Ռոսիա» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման շրջանակում տված հարցազրույցի ընթացքում խոսել էր Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մասին և այդ համատեքստում ոչ կոռեկտ արտահայտություններ էր թույլ տվել Հայաստանի հասցեին:

«Բելառուսն արդեն այնտեղ է։ Կարծում եմ, Ղազախստանի համար լավ դաս էր: Եթե ասում եք ժամկետը 15 տարի է, վստահ եմ, որ Ուկրաինան այնտեղ կլինի, եթե սխալներ թույլ չտանք: Դե, իսկ մնացածը՝ ըստ պարագծի... այդ հզորության միավորման ավարտից հետո, կամ միավորման ընթացքում... իրենք որտե՞ղ են հայտնվելու: Հայաստանը փախչելու տեղ չունի... ի՞նչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են... իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է», - ասել էր Բելառուսի նախագահը:

ԶԼՄ-ների հարցին ի պատասխան անդրադառնալով Լուկաշենկոյի այդ հայտարարությանը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը շեշտել էր, որ Բելառուսի նախագահի այդ խոսքերը որևէ առնչություն չունեն Հայաստանի հետ:

«Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ», - նշել էր ԱԳՆ մամուլի խոսնակը:

Նմանատիպ նյութեր