211652_close_icon
views-count1773 դիտում article-date 14:58 27-01-2022

Կամերային նվագախումբը և մենակատարները համերգ կնվիրեն երաժիշտ Աշոտ Այվազյանի հիշատակին

Փետրվարի 3-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համերգով հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան)։ Համերգը կնվիրվի նվագախմբի երկարամյա երաժիշտ Աշոտ Այվազյանի հիշատակին։

Որպես մենակատարներ ելույթ կունենան ջութակահարներ Աստղիկ Վարդանյանը (ՀՊԿՆ կոնցերտմայստեր), Անի Բալյանը, Գոհար Պապոյանը, Գրիգոր Գյուլխանջյանը, Էդմոնդ Հովհաննիսյանը, թավջութակահար Հակոբ Աթյանը և կլավեսինահար Թերեզա Ոսկանյանը։

Համերգային ծրագրում Յ. Ս. Բախի, Ա. Վիվալդիի, Էդ. Միրզոյանի ստեղծագործություններն են։
Աշոտ Այվազյանը ծնվել է 1957 թ․։ Բացի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ուսանելուց, սովորել է նաև Մոսկվայի պետական կոնսերվատորիայում։ Աշխատել է Օպերային ստուդիայի նվագախմբում որպես թավջութակահարների կոնցերտմայստեր։ Դասավանդել է Կոնսերվատորիայում, հիմնադրել է Բաբաջանյան տրիոն։

1994-96 թթ․ աշխատել է Կրասնոդարի կամերային նվագախմբում։ 2001 թ․ դարձել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի թավջութակահարների կոնցերտմայստեր։

Արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի։ Մահացել է 2017 թ․։
 

Նմանատիպ նյութեր