211652_close_icon
views-count2583 դիտում article-date 10:56 26-01-2022

Հայաստանում դեֆոլտի բարձր ռիսկ դեռևս չկա․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «2022 թ. աշխարհի ամենաաղքատ երկրները ստիպված կլինեն կտրուկ ավելացնել վարկատուներին վճարումները, ինչը մեծացնում է դեֆոլտի առաջացման ռիսկը։ Այս մասին «խոսել» է Համաշխարհային բանկը։ Բանկի փորձագետները հայտնել են, որ աշխարհն այժմ պարտքային ճգնաժամի շեմին է, քանի որ համավարակի ժամանակ խոցելի երկրները գումարներ են վերցրել կապիտալի շուկաներից՝ միջազգային կազմակերպություններից գումար վերցնելու փոխարեն։

Հայաստանին սպառնո՞ւմ է դեֆոլտի վտանգը, ինչքանո՞վ է, ընդհանրապես,  հավանական ռիսկը։ Վերջերս տնտեսական ոլորտի շատ մասնակիցների հետ ենք խոսել այս թեմայի շուրջ։ Կա մտահոգություն։ Իսկ չմտահոգվող կողմը հղում է անում դարձյալ նույն Համաշխարհային բանկին՝ մեջբերելով այն փաստը, թե  2022 թ. հունվարի 1-ից Հայաստանը դուրս է մնացել GSP+ արտոնյալ առեւտրային ռեժիմից հենց այն պատճառով, որ համարվել է միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր։ Փորձենք, սակայն, խնդրին խորքային՝ մասնագիտական տեսանկյունից մոտենալ՝ հասկանալու համար մեր երկրի մասով դեֆոլտի ռիսկը եւ հնարավոր այն քայլերը, որոնք թույլ կտան խուսափել այդ ռիսկից։

Տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանը «ՀՀ»-ի հետ զրույցում բացատրեց, որ խնդրո առարկայի շուրջ հայաստանյան իրավիճակը հասկանալու համար նախ պետք է հստակ պատկերացնել, թե ինչ է կատարվում աշխարհում։

Կարեն Սարգսյանը մանրամասն վերլուծել է նաեւ նշված ժամանակահատվածում կառավարության պարտքի գծով վճարված ներքին ու արտաքին տոկոսավճարները, ընդհանրապես՝ պարտքի կառուցվածքը, ժամկետները Համարում է, որ «ներկա դրությամբ Հայաստանում դեռեւս առկա չեն դեֆոլտի հետ կապված բարձր ռիսկեր՝ հաշվի առնելով հենց նաեւ պետական պարտքի երկարաժամկետ բնույթը, որը կազմում է միջին հաշվով 9 տարի»։

Սակայն, ըստ մեր բանախոսի, մյուս կողմից՝ տնտեսությունը հետճգնաժամային փուլում վերականգնելու եւ 44-օրյա պատերազմի հետեւանքները հաղթահարելու համար ակնհայտորեն դեռ մեծ ֆինանսական ներարկումներ են պահանջվում, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է պետական պարտքի հետագա աճին։ Սակայն պետական պարտքի ծավալի աճին զուգընթաց, Հայաստանում պետք է ապահովվի նաեւ տնտեսության կառուցվածքի էական փոփոխություն եւ վերջինիս ներառականության աճ, խթանվեն ներդրումների ներհոսքերը, ինչի շնորհիվ պարտքի մարումները կիրականացվեն տնտեսության մեջ ձեւավորված հավելյալ արդյունքի, այլ  ոչ նոր պարտքերի ներգրավման հաշվին»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր