211652_close_icon
views-count26493 դիտում article-date 20:27 24-01-2022

«ՄՈԳՈ ՈՒՎԿ» ՍՊԸ-ի պատճառով վստահորդիս իրավունքները շարունակաբար խախտվում են. փաստաբան

Փաստաբան Ծովինար Կարապետյանը գրում է.

«Վերը նշված կազմակերպության գործունեության մասին հստակ պատկերացում և գնահատական կարող է տալ ցանկացած քաղաքացի, ով գոնե մեկ անգամ առնչվել է։

Վստահորդս այդ կազմակերպության հետ 2018 թվականին կնքել է պայմանագիր` 72 ամիս մարման ժամկետով։ Պայմանագրի կնքման օրվանից մինչ 2020 թվականի հոկտեմբեր ամիսը ընդհանուր առմամբ վճարել է այնքան, որքան վերցրել է կազմակերպությունից, դեռ մի բան էլ ավելին։

Մեր կողմից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան դեռևս 2020 թվականին հայցադիմում է ներկայացվել ընդդեմ կազմակերպության` կողմերի միջև կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին։
Կազմակերպությունը ծանուցված լինելով վերը նշված քաղաքացիական գործի մասով, դատարան է ներկայացրել առարկություն, դատական նիստերին չի ներկայացել։ Գործով վերջնական դատական ակտ առկա չէ։
Կողմերի միջև քաղաքացիաիրավական վեճի առկայության պայմաններում, սույն թվականի հունվարի 7_ին կազմակերպության ներկայացուցիչները հաղորդում են հասցեագրել ՀՀ Գլխավոր դատախազին։

Արդյունքում Վստահորդիս վերաբերյալ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 184.1 հոդվածի 1_ի մասի հատկանիշներով։

Նշեմ, որ Վստահորդս երբևէ վարկային կազմակերպության կամ ՀԿԱԾ աշխատակիցների կողմից ավտոմեքենայի հետ կապված ծանուցում չի ստացել, իսկ ավտոմեքենան մաշվածության արդյունքում անսարք վիճակում է և չի շահագործվում։

Այս ամենի ֆոնին ձեր ուշադրությունն եմ հրավիրում հետևյալին. ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱԶՄՈՒՄ Է 58.40%, իսկ ԿՐԵԴԻՏԻ և ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՅԻ ԱՐԺԵՔԻ ՏՈԿՈՍԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` 86.0%։

Մինչև ե՞րբ է ՀՀ քաղաքացին թույլ տալու նման ստրկացուցիչ պայմաններով գործարքի կնքումը։ Էլ չեմ խոսում տոկոսագումարի և միջնորդավճարի մասին... դրանց մանրամասն կանդրադառնամ առաջիկայում։

Մի՞թե ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնում չնկատվեց 86.0%_ը, մի՞թե քննակման առարկա չդարձավ սարսափելի չափերի հասնող տոկոսագումարը կամ միջնորդավճարը... թե՞ կասեք` ստորագրել է պայմանագիրը, ուրեմն խնդիր չկա։ Իհարկե խնդիր կա, որն առանձին քննարկման առարկա է... Ի դեպ` մասնավորապես համաձայնագրերը ստորագրված և կնքված չեն։

Ինչևէ, առաջիկայում մանրամասն կանդրադառնամ այս գործին։
Հ. Գ. Հարգելի՛ քաղաքացիներ, եթե խնդիրներ ունեք կազմակերպության հետ, խնդրում եմ ինձ հետ կապ հաստատել»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր