211652_close_icon
views-count1141 դիտում article-date 10:29 20-01-2022

Սուգն հավերժ է, եթե պայքար չկա․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Գորգիսյանին շատերն են հիշում Ազատության հրապարակում՝«Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու» հնչեցնելիս: Հենց նրան էր վերապահված նույն հրապարակում առաջինը ծածանել արյունով ներկված հայոց եռագույնը: Սակայն, ավաղ, նրան բախտ չէր վիճակված հայրենիքը տեսնել ազատ ու անկախ… Օրօրի փոթորկվող իրադարձությունները, սահմանամերձ շրջաններում արնատենչ ազերիների ոտնձգությունները, հովիվների առեւանգումներն ու սպանությունները անխուսափելի պատերազմական ազդանշաններ էին հնչեցնում: Իսկ երբ բազմահազարանոց հանրահավաքներից մեկի ժամանակ հայտարարվեց Երասխին սպառնացող վտանգի մասին, նորաստեղծ կամավորական խմբերը փութացին դեպի այնտեղ:

Մովսես Գորգիսյանը մեկն էր այն քչերից, որ արդեն հասցրել էր կազմավորել «Անկախության բանակ» ջոկատը: Այդ օրերի մասին է ազատության մարտիկի կնոջ՝ Ռուզան Գորգիսյանի վկայությունը. «1990 թվականի հունվարը լավ եմ հիշում: Լավ եմ հիշում, որ Երասխավան գնալուց առաջ Մովսեսին ասացի՝ ինձ էլ տար հետդ: Ասաց՝ չէ, հո Սարդարապատը չի, երբ Սարդարապատ լինի, ես վստահ եմ, որ ոչ միայն դու, մեր փոքրիկ Գոհարիկն էլ կգա մեզ հետ… Մովսեսը չգնալ չէր կարող: Այդ պահին նա գիտեր, որ հանրահավաքային կոչերն ու ելույթները պետք է մի կողմ դնել ու զենք վերցնել: Այդ պահին որեւէ մեկը չէր համարձակվի նրան ասել, որ սա քո կռիվը չէ»: Ինքնապաշտպանական ջոկատները մեկնում են վտանգված Երասխ: Այստեղ էր նաեւ Մովսեսը:

Սահմանամերձ շենի ինքնապաշտպանությունը տեւում է երկու օր՝ հունվարի 17-19-ը: Հայկական ուժերին հաջողվում է գլխովին ջախջախել նախահարձակ ոսոխին, նրանց հետ շպրտել մինչեւ Նախիջեւանի սահման: Թշնամին ջախջախվեց, բայց նաեւ մենք թանկ կորուստներ ունեցանք: Պատերազմն այլ կերպ չի լինում. Նահատակների թվում էր նաեւ Մովսես Գորգիսյանը, ով ավարտել էր Երեւանի պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը, հասցրել տպավորիչ մի դերով նկարահանվել Արման Մանարյանի «Հող եւ ոսկի» ֆիլմում: Ինչ իմանաս, թե նրա վաղաժամ մահով հայ կինոարվեստը չկորցրեց ապագա մեծ ռեժիսորին, փառավոր դերասանին կամ ազգային-պետական ակնառու գործչին, ում համար սրբության սրբոց է հայրենիք ասվածը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր