Ադրբեջանի հարձակումը Ղարաբաղի վրա հարձակում կնշանակի Ռուսաստանի վրա. Դավիթ Բաբայան
News.am-ը գրում է. Ոչ ոք չի կարող երաշխավորել նոր պատերազմի հնարավորության իսպառ բացակայությունը, սակայն հիմա այդպիսի հնարավորությունը շատ փոքր է։ Այս մասին հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
Նախարարն ընդգծեց, որ Հայաստանի վրա լայնածավալ հարձակումը հարձակում կնշանակի ՀԱՊԿ-ի վրա եւ պարզապես չի կարող աննկատ մնալ։ «Մենք տեսանք Ղազախստանի վերջին իրադարձությունները եւ ՀԱՊԿ-ի արձագանքը։ Իսկ Հայաստանի վրա հարձակման դեպքում արձագանք կլինի առնվազն ռուսական կողմից, հատկապես եթե միանա Թուրքիան: Ինչ վերաբերում է Ղարաբաղի վրա հարձակման հնարավորությանը, ապա խաղաղությունն ու կայունությունը պահպանվում են ռուս խաղաղապահների կողմից։ Արցախի վրա հարձակումը ինքնաբերաբար հարձակում կնշանակի ռուս խաղաղապահների եւ Ռուսաստանի վրա։ Դա այլ տեսակի պատերազմ կլինի: Դա չի լինի պատերազմ Ադրբեջանի եւ Արցախի եւ Հայաստանի միջեւ: Չեմ կարծում, որ Ադրբեջանը դա չի հասկանում։
Եթե Ղազախստանում ահաբեկիչներին, պանթուրքիստներին հաջողվեր հասնել իրենց նպատակին, ապա պատերազմի հավանականությունը 100 տոկոսանոց կլիներ։ Հիմա հավանականությունը փոքր է»,- ասաց նախարարը։