211652_close_icon
views-count1420 դիտում article-date 09:25 11-01-2022

ԱՄՆ-ը և Ռուսաստանն Ուկրաինայի հարցով չեն գալիս համաձայնության․ «Ամերիկայի ձայն»

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Ժնևում երկուշաբթի օրն անցկացված հանդիպման ժամանակ չկարողացան հարթել Ուկրաինայի հարցով միմյանց միջև առկա տարաձայնությունները, երբ Մոսկվան շարունակում էր պահանջել ՆԱՏՕ-ի կողմից դեպի արևելք ընդլայնումը դադարեցնելու երաշխիքներ, Վաշինգտոնը՝ վճռականորեն մերժում այդ պահանջները, ու դրանք համարում անիրատեսական: Այս մասին է հաղորդում «Ռոյթերս» լրատվական գործակալությունը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը բանակցություններից հետո ասել է, որ «ոչ մի առաջընթաց» չի գրանցվել, և նորից պնդել Կրեմլի այն խոսքերը, թե Ռուսաստանն Ուկրաինա ներխուժելու մտադրություն չունի:

Ռյաբկովի և նրա ամերիկացի գործընկեր Վենդի Շերմանի կողից գլխավորած և 5 ու կես ժամ տևած բանակցություններից հետո Շերմանը բանակցություններն անվանել է «անկեղծ և շիտակ քննարկում», և ավելացրել սակայն, թե չի կարելի թույլ տալ, որ «որևէ մեկը փակի ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը»: Նա ասել է նաև, թե Ամերիկան Ուկրաինայի մասին չի կարող կայացնել որոշումներ՝ առանց Ուկրաինայի մասնակցության, որևէ որոշում Եվրոպայի մասին՝ առանց Եվրոպայի մասնակցության, և ՆԱՏՕ-ի մասին՝ առանց ՆԱՏՕ-ի մասնակցության:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ուկրաինա և նախկին խորհրդային այլ երկրներ որակել է որպես «կարմիր գիծ» Մոսկվայի համար` պահանջելով Արևմուտքից պարտադիր երաշխիքներ, որ այդ երկրները չեն դառնա դաշինքի անդամ:

Մոսկվան 100․000 թվակազմով զորքեր է տեղակայել Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով, ինչն առաջ է բերել դեպի Ուկրաինա հնարավոր ռազմական ներխուժում սկսելու վերաբերյալ մտավախություն:

Բանակցություններից հետո Ռյաբկովն ասել է, թե դժվար կլինի քննարկել այլ հարցեր, եթե ԱՄՆ-ը մերժում է Ռուսաստանի գլխավոր պահանջները:

«Եթե այժմ ՆԱՏՕ-ն շարունակի տեղակայել իր կարողությունները Եվրոպայում, ապա դրան կհաջորդի ռուսական կողմից ռազմական պատասխան, այդ սպառնալիքին հակազդելու համար»,- ասել է Ռյաբկովը: «Դա անխուսափելիորեն, անխուսափելիորեն կվնասի ԱՄՆ-ի և նրա եվրոպական դաշնակիցների անվտանգությանը»,- ասել է նա, առանց մանրամասնելու:

Կրկնելով պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից ավելի վաղ արված հայտարարությունը, Շերմանն ասել է, որ առաջընթաց կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը «կոնկրետ քայլեր ձեռնարկի լարվածությունը թուլացնելու ուղղությամբ»:

«Մենք հստակ կերպով հասկացրել ենք, որ եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, ապա կկանգնի նշանակալի ծախսերի ու հետևանքների առջև, շատ ավելի ծանր կերպով, քան 2014 թվականին»:

Նրա խոսքերով, «Ռուսաստանն այսօր կանգնած է կարևոր ընտրություն կատարելու խնդրի առջև»:

Նմանատիպ նյութեր