211652_close_icon
views-count91721 դիտում article-date 10:47 08-01-2022

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. 09-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և 50 մետր մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել կամրջի տակ. նախկին գյուղապետը՝ տեղում, իսկ նրա կինը՝ հիվանդանոցում, մահացել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 02:30 –ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 51-ամյա Արա Սահարյանը իր վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մոտ 50 մետր, մի քանի պտույտ քարերին բախվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է կամրջի տակ՝ երկաթգծի հարևանությամբ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Սահարյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ , 44-ամյա Միլենա Ասատրյանը  ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար  Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար  Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի և օպերգծով տեղակալի գլխավորությամբ:

Մինչ փրկարարները դեպքի վայրում հոսանքազրկում էին ավտոմեքենան, փակում գազաբալոնը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Թալինի բաժին, որ Մ. Ասատրյանը նույնպես մահացել է:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Արայիկ Վերդյանը  տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել են մարզային քննչական վարչության պետ  Սամվել Սիմոնյանն ու Թալինի քննչական բաժնի պետ Խաչատրյանը:

Փաստի առթիվ Խաչատրյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպսրտային պատահար,  որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Քննիչի  հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով  պետք է դուրս բերվի և տեղափոխվի ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ մահացածները ամուսիններ էին:  Ամուսինն էլ նախկինում աշխատել է Բաղրամյան համայնքի ղեկավար:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր