211652_close_icon
views-count11469 դիտում article-date 14:42 28-12-2021

Կեղծ զանգեր, 2100 երկրաշարժ և հետցնցում, աննախադեպ ցուցանիշներ. ԱԻ նախարարի հարցազրույցը. Sputnik Արմենիա

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը Sputnik Արմենիան պատմել է նախարարության աշխատանքի, 911–ի ստացած տարաբնույթ զանգերի, երկրաշարժերի ու հրդեհների դեմ գերատեսչության պայքարի և այլ խնդիրերի և դրանց լուծման մասին։
2021 թվականի ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում փոխվել է փրկարար ծառայողների համազգեստը, համալրվել է ավտոպարկը։ Գերատեսչության աշխատանքի և այլ նորությունների մասին Sputnik Արմենիան զրուցել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի հետ։ Նա ամփոփել է անցնող տարին։ Զրուցել է Լիլիթ Դեմուրյանը։

- Անցնող տարվա ընթացքում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը քանի՞ զանգ է ստացել, ի՞նչ բնույթի են եղել դրանք։

- 911 հեռախոսահամարով զանգում են ամենատարբեր խնդիրներով։ Այս տարի դրանք եղել են 1 մլն 380 հազարը, և դեռ տարին ավարտված չէ։ Ավելացել են կեղծ զանգերը, ինչը կարծում եմ` պայմանավորված է հետպատերազմյան ժամանակահատվածով, երբ քաղաքացին ցանկացած հարցով զանգում է։ Դրանց թիվը հասել է մոտ 1200-ի։

Դեպքերի և պատահարների առումով կարող եմ ասել, որ հիմնականում նվազում է նկատվում, բացառությամբ ՃՏՊ-ների, դրանք ավելացել են։ 2020 թվականին 4510 ՃՏՊ էր գրանցվել, իսկ այս տարի արդեն իսկ գրանցվել է 4520-ը։
-Դուք արդեն ավելի քան 1 տարի է, ինչ ԱԻՆ նախարար եք (մինչ այդ ՊՆ N զորամիավորման հրամանատար –խմբ.)։ Այս ընթացքում Ձեր ընկերները, հարազատները Ձեզ իրենց փրկարար համարո՞ւմ են։ Հետաքրքիր զանգեր ստացե՞լ եք այս կոնտեքստում։
- Նման զանգեր մենք մշտապես ստանում ենք 911 հեռախոսահամարին ու, երևի թե, մեր փրկարարներն ավելի շուտ կհասնեն, քան ես։ Բայց 1 անգամ մի դեպք է եղավ, երբ ծանոթներիցս մեկը գիշերը, ուշ ժամի զանգեց ու ասաց, որ խնդիր ունի, և փրկարարի անհրաժեշտություն կա։ Հետո իմացա, որ նույն ահազանգը եղել էր նաև 911 հեռախոսահամարին ու նրանք, ինչպես և ասացի, ավելի արագ արձագանքել էին։

- 44–օրյա պատերազմի ժամանակ, դրանից հետո, ինչպես նաև տարեսկզբին տեղի ունեցած երկրաշարժերից հետո գերատեսչությունն արձանագրել էր, որ տարհանման և պատսպարման հետ կապված խնդիրներ կան։ ԱԻՆ-ը ՀՀ մարզերում սկսել էր նման պարապմունքներ իրականացրել։ Ի՞նչ արդյունք են տվել դրանք, արդյոք շարունակակա՞ն են լինելու։

- Բնակչության ազդարարման, տարհանման, ինչպես նաև պատսպարման առումով տարվա ընթացքում Երևանում և մարզերում մեր աշխատակիցներն իրականացրել են շուրջ 370 արտապլանային միջոցառում։ Հիմնականում դրանք նպատակ են ունեցել մեր բնակչությանն ավելի լավ տեղեկացնելու և ուսուցանելու, որպեսզի իմանան, թե երկրաշարժի դեպքում ինչ վարք դրսևորեն։

Ընդհանուր առմամբ այս տարի հանրապետությունում ունեցել ենք շուրջ 2100 երկրաշարժ ուհետցնցում։ Հիմնականում ավելի ակտիվ էր Ջավախքի և Գավառագետի խզվածքները։ Այս տարի՝ փետրվարին, Երևանում գրանցված երկրաշարժն էլ միջին ուժգնության էր։ Այսօր կարող ենք արձանագրել, որ տեխնիկական առումով մենք շատ ավելի պատրաստված ենք, հզոր երկրաշարժի դեպքում կարող ենք ավելի արագ լուծել խնդիրները, քան 1988 թվականին էր։ Այս տարվա ընթացքում դիտակետեր ու դիտացանցեր են քբացազատել Շիրակի մարզի տարածքում։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր