211652_close_icon
views-count6783 դիտում article-date 21:52 08-08-2021

Ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը․ բժիշկ Չարչյանի 1–ին հարցազրույցը՝ որպես պատգամավոր. Sputnik Արմենիա

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, այժմ «Հայաստան» դաշինքից պատգամավոր Արմեն Չարչյանը անկեղծորեն պատմում է, թե ինչն է դրդել իրեն վերցնել մանդատը և արդյո՞ք պատրաստվում է  հեռանալ բժշկությունից։

Իր ձերբակալության, բժշկական գործունեության, առողջապահության համակարգում կարևոր բարեփոխումների և օրինաստեղծ աշխատանքի մասին խորհրդարանի 8-րդ գումարման պատգամավոր, Հայաստանի վաստակավոր բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ Արմեն Չարչյանը պատմել Է գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո Sputnik Արմենիային տված իր առաջին հարցազրույցում: Զրուցել է Լաուրա Սարգսյանը։

-Պարոն Չարչյան, Դուք առաջն բժիշկն եք, որը ձերբակալվել է ոչ թե բժշկական, այլ քաղաքական գործունեության համար։ Ձերբակալված ժամանակ ինչի՞ մասին եք ամենից շատ խորհել։ Ի՞նչն էր Ձեզ օգնում ամուր մնալ։

-Այո, ես առաջին ձերբակալված բժիշկն եմ։ Ինչ վերաբերում նրան` գործը քաղաքական էր, թե ոչ, ես գնահատական կտամ դատական գործընթացի ավարտից հետո։ Հուսով եմ՝ դատարանը գործը կփակի հանցակազմի բացակայության հիմքով։ Իմ քայլերում որևէ հանցագործություն չեմ տեսնում։ Իսկ այս ամբողջ ընթացքում ինձ օգնում էր դիմանալ հավատը։ Ես ինքս խորապես հավատացյալ մարդ եմ, և եթե Տիրոջը հաճելի է եղել, որ այդ ժամանակահատվածում ես գտնվեմ այդ վայրում, ես ընդունում եմ դա և պատիժ չեմ համարում։ Ինձ համար դա փորձություն է։

Ուղիղ մեկ ամիս անազատության մեջ եմ եղել։ Այդ ընթացքում շատ բաների մասին էի մտածում, սկսեցի գնահատել ազատությունը․ ինձ այլևս ոչ ոք չէր անհանգստացնում, չէին զանգում գիշերվա 03։00-ին և վիրահատարան կանչում։ Նաև շատ էի կարդում, մտածում էի, վերլուծում, մաքրեցի ուղեղս անպետք մտքերից։ Բավականին հետաքրքիր գրքեր էի կարդում՝ Օմար Խայամ, Դաո դե Ցզի, Ուինսթոն Չերչիլի «Հատընտիր ճառերը», Աստվածաշունչ, Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան», Հովհաննես Թումանյան և այլն։

- Ձեր ձերբակալությունը անակնկալի բերեց ոչ միայն Ձեր հարազատներին, մտերիմներին, գործընկերներին, այլև, իհարկե, պացիենտներին։ Այդ պահի դրությամբ քանի՞ բարդ վիրահատություն էր նախատեսվում, որոնք հենց Դուք պետք է անցկացնեիք։

- Մինչև հիմա փորձում եմ սահմանափակել շփումը պացիենտների, աշխատակիցների հետ, որպեսզի դատախազությունը դրանում գործընթացի վրա ազդելու փորձ չտեսնի։ Ձերբակալման պահին մոտ տասը բարդ վիրահատություն էր պլանավորված։ Սովորաբար ամսական մոտ 30 բարդագույն վիրահատություն էի անցկացնում և կանոնակարգում էի մոտ 250-300 վիրահատության ընթացքը Երևանի տարբեր կլինիկաներում, որտեղ աշխատում են իմ աշակերտները։ Չհաշված մոտ 500 խորհրդատվություններն ու կոնսերվատիվ բուժումները։ Իմ խորհրդատվությունը շատ թանկ արժե, դրա գինը ժպիտն է, քանի որ չկա ավելի թանկ բան, քան մարդկանց ժպիտ պարգևելը։

-Դուք որոշեցիք վերցնել մանդատը և հայտարարեցիք, որ «պլանավորում  եք բուժել հասարակությանը»։ Ի՞նչը վճռորոշ դարձավ Ձեր սովորական առօրյան քաղաքականությամբ փոխելու որոշումը կայացնելու հարցում։ Չէ՞ որ Ձեր մասնագիտության հարցում Հայաստանում հավասարը չունեք, մինչդեռ խորհրդարանում Դուք շարքային պատգամավոր եք։ Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքը խորհրդարանի ներկայիս կազմում։

- Ես երբեք քաղաքական գործիչ չեմ եղել։ Դա իմը չէ։ Ես իմ ողջ էությամբ բժիշկ եմ և բժիշկ էլ կմնամ։ Քաղաքականությանն և պատգամավորական մանդատին հասնելու համար ես ներքև եմ իջել։ Սա իմ քաղաքացիական դիրքորոշումն է։ Երբ երիտասարդ բժիշկ էի, օրական մեկ վիրահատություն էի անում, հետևաբար օրը մեկ կյանք էի փրկում։

Երբ բաժանմունքի վարիչի պաշտոնում էի, մենք մինչև 10 վիրահատություն էինք անում, այսինքն՝ օրական այդքան կյանք էինք փրկում։ Հետո ես դարձա «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրենը, հիվանդանոցը օրական 35-40 վիրահատություն էր անում, մենք 35-40 կյանք էինք փրկում։ Բայց, ցավոք, դա բավարար չէր, և ես որոշեցի օգտագործել իմ բոլոր գիտելիքները, փորձը, հնարավորությունները, այն ամենը, ինչ ձեռք եմ բերել իմ բավական հետաքրքիր կյանքի ընթացքում, որպեսզի հասարակության վրա այլ տեսանկյունից ազդեցություն ունենամ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ Sputnik Արմենիա-ում:

Նմանատիպ նյութեր