211652_close_icon
views-count2277 դիտում article-date 17:43 19-12-2021

Տառապում է մեծամտության ամենաբարդ տարբերակով. Ռուբեն Մելքոնյան

Անցած 30 տարվա ընթացքում տարբեր ֆորմատների և ինտենսիվության հայ-թուրքական հանդիպումներ, բանակցություններ են եղել, սակայն դրանցից և ոչ մեկի ժամանակ Հայաստանը չի եղել նման թույլ և խոցելի վիճակում ինչպես քաղաքական, դիվանագիտական, այնպես էլ բանակցողների առումով:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը:

«Մասնագետների համար գաղտնիք չէ, որ Թուրքիան ունի կայացած դիվանագիտական համակարգ, թուրքական ԱԳՆ-ն կարևոր ինստիտուցիոնալ կառույց է` իր ավանդույթներով, պրոֆեսիոնալիզմով և կադրերով: Այսինքն` սա այն դեպքն է, երբ թշնամուն հատկապես պետք չէ թերագնահատել:

Հայաստանը իր անկախության տարիներին կարողացել է ԽՍՀՄ շրջանում ձևավորված հիմքի վրա ստեղծել և զարգացնել հայկական դիվանագիտական համակարգը, որտեղ կայացել են բազմաթիվ պրոֆեսիոնալ դիվանագետներ, որոնք ներդրում ունեն Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացման գործում: Սակայն փաստենք մի կարևոր հանգամանք` անցնող գրեթե մեկ տարվա ընթացքում հրաժարական ներկայացրեցին և արտաքին քաղաքական գերատեսչությունից հեռացան կամ հեռացվեցին մի շարք պրոֆեսիոնալ դիվանագետներ (խոսքը չի վերաբերվում Հայաստանի պատմության մեջ ամենաձախողակ և անհաջող արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին):

Հեռացած դիվանագետները ինստիտուցիոնալ և բանակցային գործընթացի հիշողության, տեղեկությունների, փաստերի կրող էին և նրանց հեռացումը Հայաստանի դիվանագիտական մոտալուտ կապիտուլիացիայի մասին ահազանգի դեր պետք է խաղար` զգաստացնելով հատկապես մեր երկրի ապագայով մտահոգ քաղաքական ուժերին:

Հիմա գամ բանագնաց նշանակված անձին` ՌՌ-ին.

- Ակնհայտ է, որ նա մեղմ ասած չի փայլում գիտելիքներով, չունի փորձ, անցած ճանապարհ, տառապում է մեծամտության ամենաբարդ տարբերակով, ուստի և զրկված է խորհուրդ հարցնելու և որ ամենակարևորն է դրանք լսելու անհրաժեշտության գիտակցումից: Այնպես որ հնչող մտքերը, թե բանագնացին պետք է համակողմանի խորհուրդներ տալ անիմաստ է, իրենք «ամեն ինչ գիտեն»:

- ՌՌ-ն Հրանտ Դինք հիմնադրամի միջոցներով որոշ ժամանակ ուսանել թե հետազոտություն է արել Թուրքիայում, որը չէր կարող նրան տալ խորքային և իրական գիտելիքներ այդ երկրի մասին և երկրորդ` այդ հիմնադրամի ծրագրերին մասնակցելը ամենևին էլ դրական չի խոսում մասնակցի մասին: Կարող են լինել լալահառաչ ապազգային ձայնարկություններ, թե Հրանտ Դինքի անվան հիմնադրամով է գնացել, ուստի այդտեղ հակահայկական ոչինչ չկա, սակայն ասեմ, որ նախ` Հրանտ Դինք հիմնադրամը շատ քիչ կապ ունի հայերի հետ և երկրորդ` սոցիալիստ, Թուրքիայի քաղաքացի Հրանտ Դինքի ոչ բոլոր մտքերն ու պատկերացումներն էին սինխրոն Հայաստանի շահերի հետ:

- Բանագնացի պատկերացումները Հայաստանի շահի, հայ-թուրքական հարաբերությունների մասին, մեղմ ասած, հեռու են բավարար լինելուց և լիովին համապատասխանում են իրենց թիմի «թշնամանքը կառավարելու», ինչպես նաև լիպարիտյանական ոճին:

- Եվ վերջինը` սա մի կողմից բացահայտ կուսակցամոլություն է բանագնաց նշանակել կուսակցի, այլ ոչ թե պրոֆեսիոնալ դիվանագետի, սակայն մյուս կողմից միգուցե այդ բանակցություններում լինելու են այնպիսի հարցեր, որոնց կոնֆիդենցիալությունը գերկարևոր է իշխող ուժի և հատկապես դրա ղեկավարի համար, ուստի պետք է վստահելի անձ ինչպիսին է բանագնաց ՌՌ-ն: Բացի այդ, միգուցե հայ պրոֆեսիոնալ դիվանագետը մասնագիտական պատվին հավատարիմ և Հայաստանի շահի գիտակցումից ելնելով` չգնա այն զիջումներին և քայլերին, որոնց առանց որևէ խղճի խայթի և էմոցիայի կգնա քպ-ական բանագնացը:

Հ.Գ. Այնպես որ կարելի է ակնկալել, որ հայ-թուրքական սպասվող բանակցությունները կանցնեն «կառուցողական մթնոլորտում» և ավարտին բանագնացը կզեկուցի, որ «միսիան իրագործված է»: Մնում է միայն պարզել, թե այդ միսիան արդյոք որևէ կապ ունի Հայաստանի և հայության շահերի հետ.....»,- գրել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր