211652_close_icon
views-count1900 դիտում article-date 10:46 16-12-2021

Չհավատալ «օդի մեջ» ասվածներին․ իշխանությունը պարտավոր է բացատրել, թե ինչի համար է այս գործընթացը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Ամեն ինչ կորած է՝ Ալիեւը «միջանցք» է պահանջում, եւ այդ հարցը զուգահեռում է Լաչինի միջանցքի հետ», – բրյուսելյան բանակցություններից հետո ասում են ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցները: «Ամեն ինչ հոյակապ է՝ Փաշինյանն ու Ալիեւը պայմանավորվել են երկաթուղին բացելու մասին»,- այդպես են նույն բանակցությունների արդյունքները մեկնաբանում ՔՊ-ականներն ու նրանց համակիրները: Բանականությունը հուշում է, որ այս գերլավատեսական եւ գերհոռետեսական հայտարարություններին կարելի է պատասխանել այսպես. «Եթե Ալիեւը միջանցք է ուզում, դա չի նշանակում, որ նա այդ միջանցքը կստանա: Մյուս կողմից՝ եթե երկու երկրների ղեկավարները հայտարարել են, թե իբր պայմանավորվել են երկաթուղու մասին, դրանից չի կարելի եզրակացություն անել, որ տեսանելի ապագայում այդ երկաթուղին աշխատելու է»:

Դժվար թե որեւէ բանական մարդ Հայաստանում դեմ լինի, որ խորհրդային շրջանում գործող երկաթուղին աշխատի: Բայց դրա համար կան բազմաթիվ քաղաքական, տնտեսական եւ տեխնիկական խոչընդոտներ: Չեմ կարծում, որ Ադրբեջանին այդ երկաթուղին նույնքան պետք է, որքան մեզ, եւ այդ ցածր մոտիվացիայի պայմաններում ակնհայտ է, որ նրանք հենց այնպես մեզ այդ «լավությունը» չեն անի: Բերելով կենցաղային զուգահեռ՝ կարելի է ասել, որ եթե մեկը հայտարարի, որ շուտով թողնելու է ծխելը, հաճախելու է մարզասրահ եւ ամեն օր 50 էջ գեղարվեստական գրականություն է կարդալու, դուք իրավունք ունեք այդ «բարի նպատակների» վերաբերյալ կասկածներ հայտնելու՝ մինչեւ որ ձեր աչքով չտեսնեք, որ այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր են արվում:

Ընդհանրապես, ես թերահավատ եմ «օդի մեջ» արված հայտարարությունների հանդեպ, եւ այդ տեսանկյունից ինձ թույլ կտամ կասկածելու Թուրքիայի վերջին «բարիդրացիական» խոսքերին: Թե ինչ է կատարվում Էրդողանի գլխում, բնականաբար, հնարավոր չէ կռահել: Միակ հուշումը, որը թույլ է տալիս մեզ Թուրքիայի մտադրությունների մասին ենթադրություններ անել, այդ երկրի նախորդ գործողություններն են: Եթե անգամ մի կողմ թողնենք Հայոց ցեղասպանությունը եւ դառնանք նորագույն պատմությանը, ապա չենք կարող չհիշել, որ հարաբերությունների կարգավորման մասին բանակցություններն արդեն իսկ վարվել են, եւ դրանք 2009 թվականի հոկտեմբերի 10-ին հասել էին որոշակի հանգրվանի՝ համապատասխան արձանագրությունների ստորագրմամբ: Բայց շատ արագ պարզվեց, որ Թուրքիան չի պատրաստվում այդ արձանագրությունների կետերը կյանքի կոչել եւ Արցախի հետ կապված նախապայմաններ է առաջ քաշում: Եթե այդպիսի բան տեղի էր ունեցել 12 տարի առաջ, երբ մեր պետության եւ Արցախի վիճակն ավելի բարվոք էր, քան հիմա, ապա կարո՞ղ ենք կանխատեսել, որ այժմ դարձյալ կլինեն նախապայմաններ, ընդ որում՝ ավելի խիստ: 

Ես դեմ եմ «թրքամետ», «թրքանալ», «թրքահպատակ» ու «թուրք» արմատով այլ պիտակների կիրառմանը՝ դա, թույլ տվեք ասել, «ռաբիսություն» է: Բայց, մյուս կողմից, իշխանությունը պարտավոր է բացատրել, թե ինչի համար է նախաձեռնում այս ողջ գործընթացը եւ ինչ արդյունքներ է նա դրանից ակնկալում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր