211652_close_icon
views-count1963 դիտում article-date 11:01 22-10-2022

Չհավատալ միամիտ վերլուծաբաններին․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Կապանում բացվել է Իրանի հյուպատոսությունը: Արարողությանը մասնակցում էր Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Դա, անշուշտ, աշխարհաքաղաքական ուղերձ է պարունակում, որն առաջին հերթին ուղղված է թուրք-ադրբեջանական ալյանսին: Իրանի արտգործնախարարը եւս մեկ անգամ ընդգծել է, որ իր երկիրը թույլ չի տա այս տարածաշրջանում սահմանների փոփոխություն՝ նկատի ունենալով, իհարկե, Սյունիքի մարզի վերաբերյալ մեր հարեւանների հավակնությունները: Մի խոսքով, այս առումով, երեկ տեղի ունեցած իրադարձությունը կարելի է միայն դրական գնահատել:

Սակայն, կարծում եմ, սխալվում են մեր որոշ վերլուծաբաններ, թե իբր Հայաստանի հարցում Միացյալ Նահանգների եւ Իրանի շահերը համընկնում են: Այդ պնդումը գուցե պայմանավորված է միամտությամբ կամ ցանկալին իրականի տեղ դնելու ցանկությամբ: Այդ երկու երկրների շահերը հակադիր են ամենուր, նաեւ՝ մեր տարածաշրջանում, եւ ես խիստ կասկածում եմ, որ Իրանի ակտիվությունը դրական է ընկալվում Միացյալ Նահանգների կողմից:

Դրա վկայությունները բազմաթիվ են. օրինակ, վերջերս ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդենթ Փաթըլը նշել է, որ Իրանը հայտնի է տարածաշրջանում իր ապակայունացնող գործունեությամբ: Նա նաեւ հավելել է, որ ՄԱԿ-ի 2231 բանաձեւն արգելում է Իրանին որեւէ երկրի զենք վաճառել: Համատեքստն, իհարկե, իրանական ԱԹՍ-ներով Կիեւի եւ ուկրաինական այլ քաղաքների՝ Ռուսաստանի կողմից իրականացվող հրետակոծությունն է, բայց ընդհանուր վերաբերմունքն այդ խնդրին, կարծում եմ, ակնհայտ է: Այդ առիթով հիշեցնեմ իրանցի գեներալ Սավաֆիի հայտարարությունն այն մասին, որ 22 երկրներ (որոշ աղբյուրներ նշում են, թե դրանց թվում է նաեւ Հայաստանը), հայտ են ներկայացրել իրանական ԱԹՍ-ներ գնելու:

Մի խոսքով, ԱՄՆ-ի եւ Իրանի շահերը խիստ տարբեր են: Միացյալ Նահանգները, թեեւ մեր երկրի նկատմամբ, ընդհանուր առմամբ, բարյացակամ է տրամադրված, շահ ունի նախեւառաջ Իրանին թուլացնելու: Իսկ Հայաստանի դեպքում՝ ինչպես որ ստացվի: Օվկիանոսից այն կողմ, ինչպես նաեւ Եվրոպայում, շատ չեն տխրի, եթե հայկական պետությունը վերանա՝ մեր պետականության պահպանման հարցը նրանց առաջնահերթությունների մեջ չի մտնում: Իրանը, հակառակը, շահագրգռված է, որ մենք անկախ պետություն ունենանք: 

Դա նաեւ որոշ չափով Ռուսաստանի շահերից է բխում, չնայած Կրեմլը ցանկանում է, որ մենք լինենք, բայց՝ որպես նրանց արբանյակ (այդ առումով լիովին վստահում եմ Հավաստի Աղբյուրին): Ինչպես գլուխ հանել այդ դժվարին ռեբուսից, պետք է մտածի մեր դիվանագիտությունը եւ կառավարությունն ընդհանրապես: Բայց եթե այնտեղ վստահում են մեր վերլուծաբաններին, ըստ որոնց, հնարավոր է ստեղծել հայ-ամերիկա-իրանական ալյանս՝ ընդդեմ Թուրքիայի, ապա նրանք, մեղմ ասած, սխալ ճանապարհի վրա են»:

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր