211652_close_icon
views-count858 դիտում article-date 21:05 15-12-2021

Դատախազության միջնորդագրի արդյունքում ՃՈ-ում հստակեցվել են վարչական տուգանքի գումարների մուտքագրման գործընթացի նկատմամբ վերահսկողության մեխանիզմները

ՀՀ ՀՔԾ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով քննված քրեական գործով հիմնավորվել էր, որ Վ. Գալստյանը, 2011թ. ապրիլի 21-ից, զբաղեցնելով ՀՀ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության ավագ տեսուչի պաշտոնը, 2019-2020թթ. ընթացքում քաղաքացիների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար Լոռու մարզի Թումանյանի վարչական տարածքը սպասարկող ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության տեսուչների կողմից կազմված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները, որոշումները, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տեղում տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագրերը և քաղաքացիների կողմից վճարված գումարները՝ ընդհանուր 7.128.500 ՀՀ դրամ, ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստր չի մուտքագրել, գումարները մեկ օրյա ժամկետում ՀՀ ոստիկանության արտաբյուջետային հաշվին չի վճարել, փոխարենը՝ ընդհանուր 7.128.500 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերով գումարը յուրացնելով՝ օգտագործել է իր անձնական կարիքների համար:

Վ. Գալստյանին  մեղադրանք էր առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր  արարքի կատարման համար: Նախաքննության ընթացքում նա  ընդունել  էր իրեն առաջադրված մեղադրանքը, տվել  խոստովական ցուցմունք և ամբողջությամբ հատուցել է հանցագործությամբ պատճառված վնասը:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու, ինչի արդյունքում 2021թ. դեկտեմբերի 10-ի դատավճռով Վ.Գալստյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 5 տարի ժամկետով ազատազրկման: Վերջինիս նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան 3 տարի ժամկետով:

ՀՀ դատախազությունը տեղեկացրել էր նաև, որ քրեական գործով նախաքննության ընթացքում վեր են հանվել հանցանքի կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները: Մասնավորապես, պարզվել էր, որ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության համապատասխան ստորաբաժանումներում խիստ հաշվառման փաստաթղթեր հանդիսացող վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունների և վարչական տուգանքների վճարման անդորրագրերի պատշաճ հաշվառում չի իրականացվել, այդ փաստաթղթերի և գանձված գումարների՝ համապատասխան անձանց կողմից միմյանց հանձնում-ընդունումը պատշաճ կերպով չի կատարվել, որևէ պաշտոնատար անձի կողմից, ըստ էության, այդ գործընթացի նկատմամբ հսկողություն չի իրականացվել, որոնք էլ հափշտակություններ կատարելու համար նպաստավոր պայմաններ են ստեղծել:

Եվ ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով, որ  տեղ գտած այդ թերությունները նպաստավոր պայմաններ են ստեղծում հանցավոր արարքների կատարման համար, առաջանում է տուգանք վճարող քաղաքացիների իրավունքների խախտման ռիսկ և նմանատիպ երևույթներ ենթադրաբար կարող են տեղի ունենալ նաև ՃՈ ծառայության այլ ստորաբաժանումներում՝ ՀՀ գլխավոր դատախազությունից միջնորդագիր էր ներկայացվել ՀՀ ոստիկանության ղեկավարությանը, վերոնշյալ գործըթնացների նկատմամբ գործուն վերահսկողության մեխանիզմներ մշակելու և գործադրելու նպատակով:

Արդյունքում` դատասխազության միջնոդրագիրը, համաձայն ստացված գրության, քննարկվել է ՀՀ ոստիկանությունում և որոշում է կայացվել համապատասխան ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց գործառութային պարտականություններում կատարել փոփոխություններ՝ հասցեականացնել ու կոնկրետացնել նշված գործընթացների նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց շրջանակը:

Նմանատիպ նյութեր