211652_close_icon
views-count1138 դիտում article-date 15:54 06-12-2021

Երևանի կանաչ գոտիների գույքագրումից հետո յուրաքանչյուր ծառ կունենա իր առանձին քարտը, ամենատարեցները՝ նաև անձնագիր

Երևանի կանաչ գոտիները քաղաքի պատմության մի մասն են: Քչերը գիտեն, որ քաղաքի փողոցներում ու այգիներում են թաքնված Երևանի ավելի քան մեկդարյա կանաչ պահապանները: Թե քանի ծառ կա քաղաքում, քանի տարեկան են դրանք, ինչ վիճակում՝ մինչև օրս տվյալներ չկային: Բայց մասնագետներն արդեն գործի են անցել:
 
«Երևանի տարեց ծառերը ունեն 100 տարի և ավելի պատմություն: Դրանք քաղաքի համար մշակութային արժեք են և դա բավական ընդունված է աշխարհում: Երևանը մինչև այսօր նման ռեեստր չի ունեցել և մենք ուզում ենք այն ստեղծել»,- նշում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը:

Աշխատանքներն սկսել են դեռ նախորդ տարի՝ Կենտրոնից: Այստեղ և կանաչ ֆոնդն է հարուստ, և միաժամանակ խնդիրներն են շատ: Առաջիկա օրերին հաշվառումը կենտրոնում կավարտվի: Զուգահեռաբար աշխատանքներ են ընթանում նաև քաղաքի անտառապուրակներում:

«Աշխատում ենք ժամանակակից գործիքներով՝ էլեկտրոնային տախոմետրով, արբանյակային ընդունիչով, լազերային հեռաչափով: Ստանալու ենք դինամիկ մի քարտեզ և իմանալու ենք՝ որտեղ ինչ ծառ կա»,-ասում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի քարտեզագրողների խմբի ղեկավար Սուրեն Հովակիմյանը:

Կանաչ գոտիների գույքագրումից հետո յուրաքանչյուր ծառ կունենա իր առանձին քարտը, ամենատարեցները՝ նաև անձնագիր: Առաջին անձնագրերն արդեն պատրաստ են. բժշկական համալսարանի հարևանությամբ աճող, կարմիր գրքում գրանցված արևելյան սոսիներինն են:

«Երբ սկսեցինք այդ վերլուծական աշխատանքը, մեզ համար պարզ դարձավ, որ կենտրոնում ունենք 95 հատ հարյուր և ավելի տարեկան ծառեր, որոնք 50-60 տոկոսը սոսիներն են: Որոշեցինք, որ այդ բոլոր ծառերը պետք է ունենան անձնագիր, նաև թղթային տարբերակով, որտեղ կնշվի տարիքը, բնի տրամագիծը, սաղարթի չափը և այլն: Յուրաքանչյուր ծառի քարտում կնշվի, թե ինչ պատվաստումներ են արվել, այլ կերպ ասած՝ դրա կյանքի ամբողջ պատմությունը, մինչև այն պահը, երբ այդ ծառը հատելու խնդիր կառաջանա: Կանաչ ֆոնդի կադատրը հնարավորություն կտա, որ մեր երևանցիները, եթե կհետաքրքրեն այդ ծառերը, կարողանան ամբողջական տեղեկատվություն ստանալ»,-ընդգծում է Քրիստինա Վարդանյանը:
Հաջորդ փուլով նաև գործիքային հետազոտություն կարվի ծառերի տարիքն ավելի ճշգրիտ որոշելու համար:

Ծառերի գույքագրումը ծավալուն գործ է. մասնագետների խոսքով 4-5 տարի կպահանջվի այն ամբողջությամբ ավարտելու համար:

Սա կարևոր նախագիծ է, որը միտված է քաղաքի կանաչ զանգվածի պահպանմանն ու ընդլայնմանը: Հենց դրա համար զուգահեռաբար նաև բուսաբաններն են աշխատում. նրանք որոշում են, թե որ ծառին ինչ խնամք է անհրաժեշտ և որ ծառերն են ենթակա լինելու փոխարինման:
 

Նմանատիպ նյութեր