211652_close_icon
views-count26920 դիտում article-date 13:20 06-12-2021

Խավարն իր մեկ հատիկ մոմով ճեղքողը․ բժշկուհի Գոհար Աբրահամյանը տարվա մրցանակակիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանում առկա անկումային տրամադրությունը չխանգարեց AAD-ի ամենամյա մրցանակաբաշխության մեկնարկին։

Մասնագիտական դաշտում հաղթանակների հասած բացառիկ անհատները ուժ ու կամք են հաղորդում հասարակությանը, նրանց աշխատանքի արդյունքը հանրային, համընդհանուր բարիք է, որը զորացնում է հասարակության յուրաքանչյուր անդամի։

Հայաստան-Արցախ-Սփյուռք ամենամյա մրցանակաբաշխությունը «Ներդրված ավանդ» անվանակարգում հաղթող ճանաչեց նաև բժշկական գիտությունների դոկտոր Գոհար Աբրահամյանին։

Հայտնի գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգի ջանքերով հազարավոր զույգեր հաղթահարել են անպտղությունը, նրանց օջախները լցվել են մանուկների ծափուծիծաղով։

Պատերազմի ու համաճարակի զոհերի, դեմոգրաֆիական աղետի առաջ կանգնած Հայաստանի համար այսօրինակ մասնագետի սխրանքը, իսկապես, արժանի էր ծափահարությունների ու մեծարանքի։

Մասնագետ, որը գերազանցությամբ ավարտելով Բժշկական համալսարանը և վերապատրաստվելով Ֆրանսիայում, այսօր, ուղղակի, մասնագիտական հրաշքներ է գործում Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում/ ՎԱՊՄԳՀԻ/։

Բավական է ասել, որ այս ինստիտուտի բաժանմունքը, ուր աշխատում է Գոհար Աբրահամյանը, շուրջ 5 հազար անզավակ ընտանիքի երեխա է պարգևել՝ գիտամանկավարժական գործունեությունը համատեղելով ամենօրյա պրակտիկ աշխատանքի հետ։

Այսօր գենոֆոնդի բարելավումը, դեմոգրաֆիական ճգնաժամի հաղթահարումը Հայաստանի անվտանգությանը սպառնացող մարտահրավեր է և առնվազն հուսադրող է, որ այսպիսի մասնագետների ամենօրյա ջանքով մեզ հաջողվել է օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ զգալիորեն կրճատել անպտղության ցուցանիշները։

Հույս է ներշնչում նաև այն փաստը, որ նույն ինստիտուտում է տեղակայված Բժշկական համալսարամի համապատասխան ամբիոնը, և ուսանողները գիտելիք ու փորձ են ստանում այսպիսի կայացած մասնագետներից։

Մեր ժամանակի հերոսները հենց այն մարդիկ են, որոնց ամենօրյա, տքնաջան աշխատանքը մասնագիտական հաղթանակներ է բերում մեր երկրին՝ մեր մեջ արթնացնելով սեփական ծնկից բռնելու և վեր կենալու, կրկին արժանապատիվ ապրելու հրամայականը։

Եվ հենց այդպես էլ կլինի, քանի կան խավարն իրենց մեկ հատիկ մոմոմով ճեղքողները։

Շնորհակալություն, բժիշկ, շնորհակալություն, Գոհար Աբրահամյան։

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր