211652_close_icon
views-count1465 դիտում article-date 14:36 02-11-2021

Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրեց վեթինգի գործընթացի արագացմանն ուղղված առաջարկ

Սահմանադրությունը հնարավորություն է տալիս դատական իշխանությունում վեթինգի գործընթացը ավելի արագացնել, գնդակը օրենսդիր մարմնի դաշտում է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» խորագրով մասնագիտական քննարկման ժամանակ այս մասին ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանը:

«Իրավապահ մարմինների մաքրման, զտման կամ, ինչպես հիմա է ընդունված ասել, վեթինգի խնդիրը չի ծագել 2018 թվականի իշխանափոխությունից հետո, դա շատ ավելի առաջ էր ծագել: Դեռևս 2011 թվականին դատաիրավական բարեփոխումների հայեցակարգ էի մշակել և առաջին անգամ այդ խնդիրը այդտեղ եմ բարձրաձայնել, որ անհրաժեշտ է մեր դատական համակարգը մաքրել, զտել, ինչպես նաև իրավապահ այլ կառույցները` նախաքննական, դատախազական, օպերատիվ հետախուզական:  2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո հարյուրավոր անմեղ մարդիկ հայտնվեցին կալանավայրերում, հազարավորներն ենթարկվեցին վարչական, ոստիկանական, հարկային, մաքսային և այլ տեռորի»,- ասաց Ջհանգիրյանը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը նկատեց, որ 2015 թվականի փոփոխված սահմանադրությունը, իր տասնյակ և հարյուրավոր խոչերով, խութերով հանդերձ, մի շատ կարևոր դրույթ է պարունակում, մասնավորապես ՀՀ սահմանադրության 164 հոդվածի 6-րդ մասի վերջին նախադասությունը (Սահմանադրական դատարանի մասին օրենքով և Դատական օրենսգրքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ):

«Դա հնարավորություն է տալիս Դատական օրենսգրքով սահմանել գործող դատավորների համար անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ: Սա այն սահմանադրական լծակն է, որը հնարավորություն է տալիս զտման գործընթացն ավելի արագացնել: Գնդակը ոչ միայն գործադիր մարմնի դաշտում է, այլ նաև  օրենսդիր մարմնի դաշտում: Ցավոք, անցած երեք տարիների ընթացքում այս դրույթի հնարավորությունը չի օգտագործվել: Հուսամ, որ հիմա իշխանությունները ոչ միայն քաղաքական կամք կդրսևորեն, այլ նաև հստակ քայլեր կձեռնարկեն, որպեսզի դատական օրենսգիրքը լրամշակվի: Դա մեզ հնարավորություն կտա իրավիճակին համահունչ արձանագրել զտման, մաքրման և վեթինգի գործընթացը»,- եզրափակեց Ջհանգիրյանը:

Նմանատիպ նյութեր