211652_close_icon
views-count43306 դիտում article-date 18:23 24-10-2021

Ձեզ բացակա չենք դնի. Բարձունքը մերն է, տղերքը` չկան, տղերքն ավելի բարձրում մնացին. Այնթապում բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած այնթապցիներին նվիրված հուշահամալիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բարձունքը մերն է, տղերքը` չկան,
տղերքն ավելի բարձրում մնացին
Դիպան Աստղերին, աստղերը հանգան
ու Մռմուռ քսվեց մեր ցամաք հացին։
 
Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր-
բարձունքը մերն է, տղերքը… չկան։

 
Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, Այնթապ գյուղի 2-րդ դպրոցի և 3-րդ փողոցի հատման վայրում բացվեց արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված այնթապցի լեգենդ դարձած հերոսներին՝ 19-ամյա Նվեր Ազատի Հակոբյանին, 19-ամյա Գոռ Արթուրի Հակոբյանին, 31-ամյա Անդրանիկ Արմենի Գևորգյանին, 48-ամյա Արթուր Վլադիմիրի Գանադյանին, 18-ամյա Էդգար Նորայրի Սազբանդյանին, 19-ամյա Ազատ Կարենի Ալոյանին, 23-ամյա Կարապետ Նշանի Հակոբյանին, 20-ամյա Հայկ Մկրտչի Գասպարյանին, 19-ամյա Աշոտ Հարությունի Սարդարյանին, 40-ամյա Ղամբար Սպարտակի Խաչատրյանին, 18-ամյա Գևորգ Կարապետի Գևորգյանին, 19-ամյա Գնել Արայիկի Ավագյանին նվիրված հուշահամալիր:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հուշահամալիրի բացումը, որը կատարեցին նահատակված հերոսների երեխաները, հոգևոր հովվի կողմից հնչեց տերունական աղոթք, ապա օծվեց այն: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմում զոհված այնթափցի հերոսների հիշատակը:
Հուշահամալիրի բացումից հետո տեղի ունեցավ համերգային միջոցառում, որի ժամանակ Այնթապի դպրոցի սաները կենդանի կատարմամբ հնչեցրեցին երգեր, հանդես եկան ասմունքով:
 
Հուզիչ էր Հայկ Սարգսյանի կենդանի երգը, որի ժամանակ ներկա գտնվողները չէին կարողանում զսպել իրենց արցունքները ու ասում էին. «Մեր հերոսածին մայրերի արցունքները  հպարտության արցունքներ են: Ճիշտ է, նրանց երեխաները զոհաբերեցին աստծո կողմից ամենամեծ պարգևը՝ իրենց կյանքը, բայց այդ կյանքով իրենք կյանք տվեցին ապրողներիս:
 
Հպարտ ենք, որ նաև հանուն Արցախի ու Հայաստանի անվտանգության մեր Այնթապն էլ տվեց իր հերոսներին: Հերոսներ, որոնց մենք երբեք բացակա չենք դնի, հերոսներ, որոնք հիմա երկնքից հետևում են մեզ:
 
Հուշահամալիրի առջև տեղադրված մեր լեգենդ զինվոր Նվերի անունով հուշաղբյուրից ամեն անգամ ջուր խմելիս հիշելու ենք նրան, մեր բոլոր հերոս այնթապցիներին, հիշելու ենք արցախյան 1-ին, ապրիլյան քառօրյա, արցախյան 44-օրյա ու ընդհանրապես՝ հանուն Հայաստանի ու Արցախի սահմանների անվտանգության նահատակված մեր բոլոր առյուծ ու արծիվ տղերքին:
 
Ամեն անգամ ջուր խմելիս հիշելու ենք նաև մեծն Թումանյանին, երբ ասում էր. «Քո շինողի կյանքը ջրի նման երկարի»»:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հուշակոթողը կառուցվել է այնթապցի նահատակված հերոսների հարազատների միջոցներով: Հուզիչ էր նաև զինկոմիսարիատի ներկայացուցչի խոսքը, ով ասում էր. «Այս վայրը մեր համար դառնալու է սրբատեղի: Այն այնթապցիներիս համար մի նոր զինվորական Եռաբլուր-պանթեոն է»:  

Միջոցառմանը մասնակցում էին նաև Այնթապի համայնքապետարանի ներկայացուցիչները, որոնք ծաղկեպսակ դրեցին հուշահամալիրին՝ խոնարհվելով հերոս նահատակների հիշատակին:
 
Այնուհետև նահատակված հերոսների մայրերը, հարազատները, ընկերները, ԵԿՄ-ի պատանի անդամները ծաղիկներ խոնարհեցին, ապա մեկնեցին հերոսների շիրիմներին, որտեղ նույնպես ծաղիկներ խոնարհեցին ու կատարեցին խնկարկում:
 
Նվեր Ազատի Հակոբյանը ծնվել է 2001 թվականի նոյեմբերի 8-ին՝ Արարատի մարզի Այնթապ գյուղում։ Ստացել է 9-ամյա կրթություն, դպրոցն ավարտելուց հետո աշխատել է։
Շատ էր սիրում վարել ավտոմեքենա։ Էությամբ շատ աշխույժ էր։ Բնավորությամբ բարի էր, հոգատար, բոլորին հասնող։
Ծառայության է անցել 2020 թ հունվարի 16-ին` Մատաղիսում։ Զորամասում բոլորը Նվերին ասում էին ՊՈՆՉ (ՊՈՆՉՈ)։
Նվերը ձգտում էր դառնալ սերժանտ, սակայն չհասցրեց կատարել ցանկությունը։ Նա անգամ չհասցրեց վայելել իրեն հասանելի արձակուրդը, պատճառը թագավարակն էր։
Սեպտեմբերի 25 -ին պետք է բարձրանար դիրքեր, պահում էին 33 դիրքը։ Այդ չարաբաստիկ օրը` սեպտեմբերի 27-ը, սկսվեց պատերազմը։ Նվերն առաջին իսկ օրից պայքարել է թշնամու դեմ։ Չնայած ստեղծված իրավիճակին, մեր հերոսն ամեն օր կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ։ Վերջին անգամ ծնողների հետ խոսել է` հոկտեմբերի 9-ին: Զանգից մի քանի ժամ անց հերոսը անմահանում է թշնամու դեմ պայքարում և ընկնում քաջի մահով։ Հավերժ փառք:

 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 537+
537+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր