211652_close_icon
views-count66833 դիտում article-date 13:39 23-10-2021

Քեզ բացակա չենք դնի.19-ամյա հերոս, դու դարձար կենդանի լեգենդ, ու մեծն Սևակի՝ «ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած...» խոսքերը նաև քեզ են վերաբերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում հուշի և մեծարման երեկո էր՝ նվիրված արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած 19-ամյա Ժորա Մարտիրոսյանի հիշատակին։ 

Մինչ երեկոյի սկսվելը, ներկա գտնվողներից շատերն ասում էին. «Կարծես Ժորայի ու նրա նման բազմաթիվ լեգենդ դարձած հերոս տղաների մասին է ասված մեծն Պարույր Սևակի՝ «ուշ-ուշ են գալիս, բաց ոչ ուշացած, գալիս են նրանք ճիշտ ժամանակին» խոսքերը։ 

Միջոցառման ժամանակ կենդանի կատարմամբ հանդես եկան Շուշան Պետրոսյանը, Արսեն Սաֆարյանը, Սոնա Շահգելդյանը և այլ երգիչ-երգչուհիներ։ 

Ներկա էին 44-օրյա պատերազմում նահատակված հերոս զինվորների մայրեր, հարազատներ, ընկերներ, այդ թվում՝ Ժ. Մարտիրոսյանի զինակից ընկերները։ 

Ներկաները մի բանում համամիտ էին, որ այդ պատերազմը Ժորայի ու նրա նման բոլոր նահատակված, լեգենդար զինվորները, սպաները, կամավորականներն ու քաղաքացիները չեն պարտվել։ Նրանք մինչև վերջ անառիկ են պահել իրենց վստահված առաջնագիծը։ Պատմությունը տարիներ հետո շատ բաներ ջրի երես կհանի, բայց մինչ այդ, պետք է ըստ արժանվույն գնահատվեն հերոսածին մայրերից ծնված առյուծ ու արծիվ տղերքը, տղերք, ովքեր հանուն Հայաստանի ու Արցախի, հանուն հայ ժողովրդի՝ տվեցին իրենց համար ամենաթանկը՝ կյանքը, ու իզուր չէ, որ «կյանքս՝ կյանքիդ համար» խոսքերը դաջված են բոլորիս մտքերում։ 

​Հավասարակշռված, համեստ, քչախոս, խելացի ու շատ ամուր կամքի տեր երիտասարդ էր։ Նա շատ երազանքներ ուներ՝ բարձրագույն կրթություն ստանալ տուրիզմի ոլորտում և Հայաստանն իր արժեքներով ներկայացնել օտարերկրացի զբոսաշրջիկներին։  

Մենք Ժորայի ու նրա նման տղերքին բացակա չենք դնի։ 

Ժորա Մարտիրոսյանը ծնվել է 2001 թվականի հունիսի 10-ին։ 2019 թ. հուլիսի 11-ին զորակոչվել է բանակ, 6 ամիս ծառայել է Հոկտեմբերյանում, այնուհետև՝ Կուբաթլուում։

19-ամյա հերոսը տանկի մեխանիկ-վարորդ էր, և որպես լավագույն մեխանիկ-վարորդ՝ մասնակցել է Ռուսաստանում անցկացված «Կովկաս 2020» զորավարժություններին։

Ցավոք, 2020 թվականի հոկտեմբերի 22-ի ահեղ մարտերի ժամանակ Ժորա Մարտիրոսյանը հերոսի մահով զոհվում է՝ մինչև վերջին շունչը միայնակ չթողնելով իր զինակից ընկերներին։


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 289+
289+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր