211652_close_icon
views-count1132 դիտում article-date 15:55 21-10-2021

Սևանա լճի մակարդակը նվազել է 10 սմ-ով

2021 թվականի հոկտեմբերի 20-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը 10 սանտիմետրով պակաս է մնում 2020 թվականի նույն օրը գրանցված նիշից։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2021 թվականի հոկտեմբերի 20-ին Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 52 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մետր 62 սանտիմետր նիշի դիմաց։ Նույն աղբյուրի համաձայն՝ ոռոգման նպատակներով այս տարի Սեւանա լճից բաց է թողնվել 227 միլիոն 651 հազար խորանարդ մետր ջուր, իսկ Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է հոսել 145 միլիոն 667 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւանա լճից ոռոգման նպատակներով ջրբացթողումները դադարեցվել են հոկտեմբերի առաջին տասնօրյակի ընթացքում։

Փաստորեն, Սեւանա լճից ոռոգման նպատակներով լրացուցիչ ջրառ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված 75 միլիոն խորանարդ մետր ծավալի դիմաց ջրառ կատարվել է 57 միլիոն 651 հազար խորանարդ մետրի չափով։

Համաձայն ՀՀ «Սեւանա լճի մասին» օրենքի, Սեւանա լճից ոռոգման նպատակներով ջրառ իրականացնելու ծավալը չպետք է գերազանցի 170 միլիոն խորանարդ մետրը։

Այս տարի լրացուցիչ ջրառ իրականացվեց՝ ելնելով երաշտի պայմաններում ոռոգման հետ կապված դժվարությունները հաղթահարելու անհրաժեշտությունից։

Նմանատիպ նյութեր