211652_close_icon
views-count31943 դիտում article-date 12:03 19-10-2021

Երևանում հրդեհ է բռնկվել «Աշտարակ կաթ» ընկերության բեռնատար «Գազել»-ում. մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ «ագնետուշիտելներով» պայքարել են Երևանի գնդի պարեկները, վարորդը հոսպիտալացվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջի փողոցում «Գազել» մակնիշի բեռնատար է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները իրեց ուժերով պայքարել են կրակի տարածման դեմ՝ օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենաներում տեղադրված կրակմարիչները։ 

Այնուհետև օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայի առջևի հատվածում բռնկված հրդեհը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին և 3-րդ վաշտերի ծառայողները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և 1-ին վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։

Պարեկները օգնություն են ցուցաբերել նաև վարորդին՝ Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Հարություն Մուրադյանին, ով այնուհետև տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Խաչատուր Գինոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկները, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները իրենց ավտոմեքենաները չկայանեն նշված վայրում, որ հրշեջ-փրկարարները կարողանան առանց խոչընդոտի աշխատեն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է «Աշտարակ կաթ» ընկերությանը։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+

Նմանատիպ նյութեր