211652_close_icon
views-count1653 դիտում article-date 15:24 17-10-2021

Իշխող ուժը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ընտրություններն անցնեն նորմալ և առանց խնդիրների. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետարանն աջակցություն է տրամադրել մի քանի ընտանիքի: Այս փաստը Շիրակի մարզպետը չի կապում ՏԻՄ ընտրությունների հետ՝ սա համարելով բնականոն ու շարունակական գործընթաց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, ով Գյումրիում ՏԻՄ ընտրություններին առաջադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն է, թիվ  31/05  ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ աջակցություն տրամադրելը  սովորական գործընթաց է, և շահարկել դա այս պահին անտեղի է, քանի որ մարզպետարանը միշտ է ֆինանսական աջակցություն տրամադրել:

Լրագրողների հետ զրույցում մարզպետը նաև նշեց, որ իշխող ուժը  պետք է ամեն ինչ անի, որպեսզի ընտրություններն անցնեն նորմալ և առանց խնդիրների: «Ո՞ր ուժերն են ձեզ մրցակից» հարցին ի պատասխան մարզպետն ասաց՝ բոլորը:

Անդրադառնալով ընտրություններից առաջ Գյումրու քաղաքապետարանում, ըստ որոշ լուրերի, իրականացվող կադրային փոփոխություններին՝ մարզպետն ասաց, որ գուշակություններով չի զբաղվում: «Ինձ առաջարկում եք բացառել մի բան, որի մասին չկա խոսակցություն»,- նշեց մարզպետը:

Հոկտեմբերի 12-ին Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Դրան հաջորդած օրերին քաղաքապետի պաշտոնակատարը աշխատանքից ազատել էր հայեցողական պաշտոններ զբաղեցնող մի քանի անձանց: 

Գյումրի համայնքում համամասնական ընտրություններ են (առավելագույն ձայներ հավաքած քաղաքական ուժի ցուցակը գլխավորող թեկնածուն կդառնա համայնքի ղեկավար), որտեղ պայքարի մեջ են «Հայրաքաղաք» կուսակցությունների դաշինքը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, «Գյումրին կռնա՜» կուսակցությունների դաշինքը, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, «Թասիբով» կուսակցությունների դաշինքը և «Ապրելու երկիր» կուսակցությունը։

Նմանատիպ նյութեր