211652_close_icon
views-count1366 դիտում article-date 21:03 16-10-2021

Հայաստանի պետական ջազ նվագախումբը համերգ կնվիրի Ստեփան Շաքարյանի հիշատակին

Կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Ստեփան Շաքարյանի հիշատակին Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա համերգային ծրագրով:

Երեկոյին, որը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին Ճարտարապետների միության շենքում, կհնչեն կոմպոզիտորի ջազային ստեղծագործությունները և մշակումները:

«Ստեփան Շաքարյանը անկրկնելի, ինքնատիպ ստեղծագործող հայ էր, նվիրյալ մասնագետ, հայրենասեր: Եվ մենք ևս մեկ անգամ պետք է վերագնահատենք Շաքարյան ստեղծագործողի ավանդը»,- նշում է ջազ նվագախմբի ղեկավար Արմեն Հյուսնունցն ու հավելում, որ Շաքարյանն 90-ամյա հայկական ջազի ավագ սերնդի ամենավառ ներկայացուցիչներից մեկն էր:

Ստեփան Շաքարյանն ստեղծել է ավելի քան 100 ջազային կոմպոզիցիաներ, որոնք ներգրավված են հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերում։ Նրա ստեղծագործությունները կատարում են Հայաստանի պետական ջազային, Հանրային հեռուստա-ռադիոընկերության էստրադային և ջազային նվագախմբերը, մի շարք այլ խմբեր։ Մշակել է հայկական ժողովրդական երգերը, որոնց տվել է ջազային շունչ։ «Բինգյոլից մինչև Կանզաս սիթի» ստեղծագործությունը դարձել է հայկական ջազի ստանդարտ։ Նրա սիմֆոնիաները և կոնցերտները կատարել են հայ և այլազգի բազմաթիվ կատարողներ։

Հայտնի են նրա Կոնցերտ սիմֆոնիկ նվագախմբի համար, «Խորեոգրաֆիկ սիմֆոնիա» բալետ, «Նախանձ» բալետ, «Աղավնավանք» բալետ, Սյուիտ՝ կամերային նվագախմբի համար, «Կոմիտասի հիշատակին» պոեմը, «Հայաստան» սիմֆոնիկ պոեմը, Սիմֆոնիկ նախերգանք և մի շարք այլ ստեղծագործություններ:

Շաքարյանը նաև մուլտֆիլմերի երաժշտության հեղինակ է: Այդ մուլտֆիլմերից են «Հայելին», «Անհաղթը», «Պինգվին Վինը»:

Նմանատիպ նյութեր