211652_close_icon
views-count3354 դիտում article-date 09:19 01-10-2021

Անպատասխանատու «վոյաժներ»՝ քաղաքացու նյարդերի հաշվին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը հետ է կանգնում սեփական որոշումից ու հետաձգում պատվաստման պարտադիրությանը վերաբերող ու հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող որոշումը: Ավանեսյանի որոշմամբ, հիշեցնենք, պետական ու մասնավոր բոլոր հիմնարկություններում աշխատակիցները կա՛մ պատվաստված լինելու հանգամանքը փաստող գրություն պետք է ներկայացնեին, կա՛մ կորոնավիրուսի ՊՇՌ թեստի բացասական պատասխանը: Ըստ իրավաբանների՝ հակասահմանադրական այս որոշումը ոչ միայն խտրական վերաբերմունքի դրսեւորում է, այլ նաեւ այնպիսի քաոսային մի իրավիճակի է հանգեցրել, որ կորոնավիրուսի թեստեր իրականացող լաբորատորիաների առջեւ կիլոմետրերի հասնող հերթեր են գոյացել:

Նախարար Ավանեսյանը, ըստ երեւույթին, տեղի տալով բարձրաձայնվող քննադատությանը ու իրավաբանների կողմից մատնանշվող փաստարկներին, որոշել է, որ «չպատվաստված աշխատողը ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատը գործատուին պարտավոր է ներկայացնել 14 օրվա ընթացքում՝ հոկտեմբերի 1-14-ն ընկած ժամանակահատվածում»։
Այն դեպքում, երբ բարեխիղճ աշխատակիցները, որոնք հետեւել են կառավարության որոշմանը, ֆիզիկական խոչընդոտներ հաղթահարելով՝ լաբորատորիաներում հերթ կանգնելով՝ ՊՇՌ թեստ են հանձնել, որ հասցնեն սահմանված ժամկետում թեստի պատասխանը գործատուին ներկայացնել, պարզվում է, որ կանոնակարգումն այլեւս պարտադիր չէ: Ստացվում է՝ կառավարության անհետեւողական վարքագծից քաղաքացիները կրեցին ֆինանսական, ֆիզիկական զրկանքներ, որոնք հազիվ թե նույն այդ կառավարությունը փոխհատուցի:

Դժվար է հավատալ, որ կառավարությունը կկարողանա այնքան ճկուն լինել, որպեսզի հաջողի իր անպատասխանատու վարքագծից հետո կրկին քաղաքացիներին օրինապահ դաշտ բերել եւ ՊՇՌ թեստի պարտադիր լինելու կարգավորումը կիրառել:

Առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն այն համոզմանն է, որ «հատկապես կառավարությունն ու Առողջապահության նախարարությունը պետք է տիտանական ջանքեր գործադրեն (պարզապես այլ բանով չզբաղվեն, բացի պատվաստումներից), որ այս հարցը լուծեն: Ռազմավարական կամ շատ կարեւոր այլ բաներով առժամանակ չզբաղվեն, այս հարցը որպես թիրախ դնեն, լուծեն, նոր անցնեն մյուս հարցերին»: Չավարտված պատերազմի մեջ գտնվող երկրի պաշտոնյան, փաստորեն, պատվաստումների հարցը առաջ է դասում ռազմավարական նշանակության հարցերից ու ակնկալում, որ իր նախկին տեղակալը՝ Ավանեսյանը, զօրուգիշեր աշխատի՝ հանուն պաստումների թվի աճի:

Տիկին նախարարը, սակայն, այս օրերին ոչ թե Թորոսյանի հորդորին է ականջալուր եղել, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գործուղվել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել՝ մասնակցելու համաեվրոպական հոգեկան առողջության կոալիցիայի մեկնարկին:

Հարկ է նշել, որ նախարար Ավանեսյանը գործուղման է մեկնում, երբ երկրում առողջապահական ոլորտը կաթվածահար վիճակում է, իսկ վերջին օրերին կորոնավիրուսային հիվանդացության դեպքերը հատում են 1000-ի շեմը (ժամը մեկ անգամ մարդ է մահանում): Նախկին ենթակայի վարքագիծը, փաստորեն, նաեւ Թորոսյանն է քննադատում՝ նրան հիշեցնելով, որ «վոյաժների» գնալու փոխարեն՝ մտածել է պետք, թե ինչ կարելի է անել ստեղծված իրավիճակից հնարավորինս նվազագույն կորուստներով դուրս գալու համար»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր