Վանոյի պես սավառնողի ներկայությունն իրենց գետնաքարշությունն ավելի ակնառու էր դարձնում. Ճաղարյան․ radar.am
radar.am- ը գրում է․
Այսօր պետական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՆԳ նախկին նախարար, գրող Վանո Սիրադեղյանը կդառնար 80 տարեկան։ Այս առթիվ Radar Armenia-ն զրուցել է հրապարակախոս Լիզա Ճաղարյանի հետ։
- Տիկին Լիզա, եթե և՛ գրականությունից, և՛ հայաստանյան քաղաքական անցուդարձից հեռու մեկը հարցնի՝ ո՞վ էր Վանո Սիրադեղյանը, ինչպե՞ս կներկայացնեք, ինչպե՞ս կնկարագրեք։
- Միանգամից այսքան դժվար հա՞րց... Կասեմ` տաղանդավոր արձակագիր էր, ցավակցում եմ, որ գրականությունից հեռու մարդ եք ու Վանո չեք կարդացել։ Կասեմ` կյանքը ցույց տվեց, որ իմաստուն պետական այր էր, ցավում եմ, որ այսքան անտարբեր եք Հայաստանի ճակատագրի նկատմամբ, հակառակ դեպքում հնարավոր չէր, որ չճանաչեիք մի մարդու, որ Հայաստանի անկախացման գործում խոշոր դերակատարում է ունեցել ։ Կմտածեի, բայց չէի ասի գրականությունից ու քաղաքական անցուդարձից հեռու մարդուն, որ Վանոն շատ ուժեղ անհատականություն էր, բայցեւ` շատ խոցելի։ Ուժեղ, որովհետեւ իր խոցելիությունը միայն իր մտերիմներից քչերն էին տեսնում։ Երեւի թե բոլորն են խոցելի, բայց քչերին է վիճակված իրենց խոցելիությունը տեսանելի չդարձնել։ Վանոն այդ քչերից էր։ Նաեւ կասեմ` իմ ընկերն էր, եւ ես իր բացակայությունն զգում եմ գրեթե ամեն օր։
- Վանո Սիրադեղյան գրողն ու Վանո Սիրադեղյան քաղաքական գործիչը շա՞տ տարբեր էին։
- Այո, շատ։ Ցավոք, այլ կերպ չէր էլ կարող լինել։ Պարզ է, չէ՞, որ ես անհամեմատ շատ կարոտում եմ արձակագիր Վանոյին։ Ազատ էինք, անկախ էինք, անփույթ էինք, նրա գրականության հանդեպ հիացմունքդ արտահայտելիս կաշկանդված չէիր` նույն «հարթակին» էինք կանգնած։
Քաղաքական գործչի դեպքում, ուզես-չուզես, կաշկանդված ես, որովհետեւ արդեն գործ ունես պաշտոնյայի հետ, եւ յուրաքանչյուր բառիդ տակ «աչալուրջները» քծնանք են պեղում։ Բայց ամեն դեպքում «դժվար հասանելի» պաշտոնյա Վանոն երբեք «պաշտոնեական» պատնեշ չդրեց իմ եւ իր ընկերության միջեւ, մեր շփումը, ի տարբերություն իմ այլ պաշտոնյա ընկերների, միջնորդավորված չէր։
Ի դեպ, քծնանքի թեմայով մի զավեշտալի պատմություն հիշեցի։ Արարատ Զուրաբյանի սրճարանում մի քանի ընկերներով Վանոյին էինք սպասում` ՆԳ նախարար ժամանակն էր։ Չեմ հիշում, թե էլ ով կար, միայն Արմեն Շեկոյանին եմ հիշում։ Մինչեւ Վանոյի գալը որոշեցինք, թե ոնց ենք հոգու հետ խաղալու։ Ուրեմն, ինքը հենց գար, բոլորով ոտքի էինք կանգնելու ասենք` բարեւ ձեզ, ի՛մ նախարար։ Ու հրճվում էինք էն հեռանկարից, թե ոնց է շփոթվելու։ Կամ` ծիծաղելու։ Եկավ, լուրջ–լուրջ ոտքի կանգնեցինք ու միաձայն ասացինք` բարեւ ձեզ, ի՛մ նախարար։ Դեմքի ոչ մի մկան չշարժվեց, շատ հանգիստ ասաց` նստեք։ Անսպասելիությունից էնքան շփոթվեցինք, որ սուսուփուս նստեցինք։ «Դավադրությունը» շռնդալից տապալվեց։ Մինչեւ հիմա ամեն անգամ որ պատկերացնում եմ` սրճարանում նստած կողքից նայողներն ինչ մտածեցին մեր այդ «քծնանքի» տեսարանը տեսնելով, չգիտեմ` խնդամ, թե լամ։
- Կարծիքներ եմ լսել, որ քաղաքականություն մտնելը խանգարեց ե՛ւ Վանոյին՝ որպես գրողի, ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ որպես գիտնականի, նաեւ Բաբկեն Արարքցյանին, մյուսներին... այդպե՞ս էր, թե ոչ։
-Քաղաքականություն մտնելը, ըստ իս, խանգարում է բոլորին անխտիր, ովքեր մինչ այդ այլ ոլորտում արդեն կայացած անհատներ են։ Քաղաքականությունն օգնում է միայն նրանց, ովքեր մինչ այդ իրենք էլ չգիտեն, թե ինչ են կամ ով են. բախտի բերմամբ, թե պատահմամբ հայտնվում են քաղաքականության բովում, իբր` կայանում են, ու եթե մի օր նորից հետ են շպրտվում ապաքաղաքական դաշտ, մեկ էլ հանկարծ տեսնում ենք, որ անճար վիճակում են, չգիտեն` դրանից հետո ինչ անեն, ապրեն։ Իհարկե`խանգարեց. Լեւոն Տեր–Պետրոսյանը գիտությամբ զբաղվելու հաճույքից զրկվեց, Վանոն` գրելու հաճույքից։ Գումարած` այդ դեպքում միայն գովեստներ կլսեին, իսկ քաղաքական գործունեության շրջանում մեղադրանքների տարափի տակ էին։
- Երբ Տեր-Պետրոսյանի քաղաքական գնահատականների մասով խոսում են, ու որ նրա նախազգուշացումներն իրականացան, ինձ մի տեսակ հասկանալի է, քանի որ գործ ունենք գիտությունների դոկտոր-պրոֆեսորի հետ, որը խորությամբ պատմություն գիտի, ոչ միայն Երևանում, այլեւ Լենինգրադում է կրթություն ստացել։ Բայց նույնքան խորն է նաև Վանո Սիրադեղյանի քաղաքական ճանաչողությունը, նրա հոդվածներն են պարբերաբար մեջբերվում, եւ հետաքրքիր է, որ Վանոն գիտությունների դոկտոր-պրոֆեսոր չէր, Կոթի գյուղից երիտասարդ, որ եկել էր ուսանելու ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, գրող էր։ Ձեր կարծիքով՝ ո՞րն էր Վանոյի ֆենոմենը, ինչի՞ շնորհիվ էր, որ կարողանում էր ներթափանցել և մարդկանց հոգու խորքը, ճանաչել, և քաղաքականության մեջ։ Այսպես ասած. «Դու, ախր, դու էդ ինչի՞ տեր ես, որ ինքդ քեզ այդքան հերիք ես»։
- Չէ, համամիտ չեմ, որ Լեւոն Տեր–Պետրոսյանի նախազգուշացումներն իրականացան, որովհետեւ նա դոկտոր-պրոֆեսոր է ու խորությամբ պատմություն գիտի։ Պատկերավոր ասած` թիվ կա երկնքի աստղերին, թիվ չկա խորությամբ պատմություն սերտած դոկտոր–պրոֆեսորներին, բայց թե նրանցից քանիսն էին ընդունում կամ ընկալում Առաջին նախագահի նախազգուշացումները, տեսանք ու մեր մաշկի վրա դաժանորեն զգացինք։ Պարզապես Տեր-Պետրոսյանն էլ, Վանոն էլ, ի դեպ` իրարից շատ տարբեր անհատներ, մեկ հարցում շատ նման են. երկուսն էլ ոչ իրենք իրենց էին խաբում, ոչ էլ ուրիշներին։ Եվ ամենակարեւորը` չէին վախենում ճշմարտությունն ասելուց։ Դժվար թե այդ անթիվ–անհամար «դոկտոր–պրոֆեսորները» ի վիճակի չէին իրավիճակը ճիշտ գնահատել, պարզապես անկեղծ չէին, պատեհապաշտ էին և ասում էին այն, ինչը դուր էր գալիս մեծամասնությանը։
- Վանոյից ամենավառ հիշողությունը կխնդրեի պատմել։
- Քանի որ հիմա միայն հիշողություններն են մնացել, ինքս ինձ միշտ բռնում եմ այն մտքի վրա, որ բոլորն էլ վառ են։ Այս պահին մեկը հիշեցի, կարելի է ասել` ծանրագույն օրերի զավեշտալի պատմություն։ Իսկը` պատրաստի պատմվածք, որ այդպես էլ չգրվեց ու չի էլ գրվի։ 88-ի «Զվարթնոց» օդանավակայանում Սովետական բանակի հետ բախման օրերին էր, ՀՀՇ-ում էի, միջանցքում կանգնած էի, մեկ էլ Վանոն սենյակներից մեկից դուրս եկավ, արագ–արագ մոտեցավ ինձ, ասաց` պայուսակդ բացիր։ Բացեցի։ Ծոցագրպանից մի ատրճանակ հանեց, դրեց պայուսակիս մեջ, ասաց` գնում եմ օդանավակայան, սա տար, վաղը կգամ գործիդ տեղից կվերցնեմ։ Ու գնաց։ Ե՛ս` «մեծ հեղափոխականս», որ իմ ողջ գիտակցական կյանքում ատրճանակ միայն կինոյում եմ տեսել, էս պայուսակս պինդ բռնել եմ ու մոլորված մնացել կանգնած։ Որ ասեմ` ծնկներս դողում էին, շատ մեղմ կլինի։ Էնքան էլ մեծ էր էդ տնաշենի ատրճանակը, մինչեւ հիմա չգիտեմ` «ով» էր, ինչ էր։ Դե, բայց Վանոն ինձ էր վստահել, պետք է պատվով տեղ հասցնեի։ Շենքից դուրս եմ եկել, էն օրերն են, որ սովետական բանակը տանկերով ուղղակիորեն վարում էր Երեւանի փողոցները, պայուսակս պի՜նդ սեղմել եմ կրծքիս, անտերը` փող էլ չունեմ, որ տաքսի նստեմ, ավտոբուս եմ բարձրացել ու իմ ողջ «հեղափոխական» տեսքով համայն աշխարհին ասում եմ` էստի համեցեք, պայուսակիս մեջ ատոմային ռումբ կա։ Թե ոնց սարսափահար կերպարանքս չնկատեցին ու տեղում չզինաթափեցին` չգիտեմ. ոնց եմ տեղ հասել, ոնց եմ ատրճանակը թաքցրել եսիմքանիշորերի ծալքի տակ` չասեմ։ Ու թե ինչ մղձավանջային գիշեր եմ լուսացրել` պատկերացնելով, թե ոնց են ինձ ձերբակալում ռուս զինվորները, ոնց են հարցաքննում, ոնց եմ պարտիզանի պես համր ձեւանում, չպատմեմ. Զոյա Կոսմոդեմյանսկայան կնախանձեր ինձ։ Լույսը բացվեց, անսպասելի խաղաղվեցի. հանգիստ ու վարպետորեն ատրճանակը նորից դրեցի պայուսակիս մեջ, կարծես ողջ կյանքս ատրճանակը պայուսակիս մեջ դրած եմ ապրել, ու գնացի Հեռուստառադիոպետկոմ, այնտեղ էի աշխատում։ Վանոն եկավ, հանգիստ ու «անփութորեն» ատրճանակը հանձնեցի տիրոջը, ու այդպես էլ Վանոն չիմացավ, թե ինչ վախկոտ նապաստակի էր վստահել իր զենքը։
- Վանոն մի առիթով ասել է. «Բախտավորություն է սավառնելու զգացողություն ճանաչելը, բայց սավառնողին, ախր, խփում են»: Եւ ինչո՞ւ խփեցին սավառնողին։
- Որովհետեւ իրենք սողում էին, ու Վանոյի պես սավառնողների ներկայությունն իրենց գետնաքարշությունն ավելի ակնառու էր դարձնում։
- Նրա մասին նախարար եղած ժամանակ ամենակարողի համբավը կար, այդպե՞ս էր, թե ոչ։
- Ներքին գործերի նախարար Վանոն, իհարկե, ամենակարող էր իր գործում։ Է՞լ ում է հաջողվել մի երկրում, որտեղ պատերազմական շրջանում լուսամուտին անգամ վախվորած էիր մոտենում, որ կույր գնդակը քեզ էն աշխարհ չուղարկի, հանցագործությունների, քրեական տարրերի հարցերն այնպես լուծել, որ հանգիստ ու ապահով նույնիսկ գիշերները քայլես փողոցով։ Հիմա շատերն են «հաջողությամբ» մոռացել այդ տարիները, «ձեռ չի տալիս» հիշելը։ Իհարկե` ամենակարողի տպավորություն կարող էր թողնել մի մարդ, որ ողջ քրեական աշխարհի դեմ պատերազմ էր հայտարարել, ու ոչ թե մեքենայի հետնամասում էր նստում, այլ ինքն էր վարում ավտոմեքենան` լուսամուտը բաց, արմունկն էլ լուսամուտից դուրս։ Իսկ ընդհանրապես Վանոյին մինչ քաղաքական, պետական գործիչ դառնալը ճանաչողները կփաստեն` ազդեցիկ մարդ էր։ Գրողների միության շենք որ մտնում էր, շատերն էին ուզում իր հայացքը բռնել, «չէր բռնվում», անկախ, գլուխը ցից, ում չէր հարգում` գոյությունը չէր էլ նկատում, ինքն իրեն, կարճ ասած, նեղություն չէր տալիս, որ սրան–նրան դուր գար, էս եմ` ուզում եք ուզեք, չեք ուզում` հեչ է՛լ։
- Վանոյի 75-ամյակին գրել եք. «Արժեզրկումների անխնա շրջան էր, երբ հեռացար երկրից»... Հիշո՞ւմ եք նրա հետ վերջին հանդիպումը, գիտեի՞ք, որ կհեռանա։
- Գաղափար չունեի, թե ինչ կանի, նման հարցեր չեմ տվել իրեն, շատ ծանր շրջան էր, ու չէի ուզում «փորփրել»... բայց հոգուս խորքում ուզում էի, որ գնար։ Էնքա՜ն նսեմ ու ճղճիմ էին Վանոյին դատել փորձողները, չէի պատկերացնում ու չէի էլ ուզում պատկերացնել էդ իրավիճակը` Վանոյին մեղադրյալի աթոռին, ու հազար մեղքերի մեջ թաղված, մինչ այն ժամանակները, երբ Վանոն թամբին էր, մի քանի տակ նրա առաջ ծալծլվողների «արդարադատ» կերպարանքները։ Ուղղակի անտանելի կլիներ, եթե չհեռանար։ Վանոյին լավ ճանաչողները գիտեն՝ արդարացողի դերը նրա համար չէր։
- Փորձե՞լ եք նրա տարագրության օրերին կապ հաստատել, գրել, խոսել։
- Երբեք չեմ փորձել։ Անիմաստ էր. եթե ինքը չուզենար, ինչքան ուզում ես փորձիր` չէր ստացվի։ Եվ ընդհանրապես` իմ ներկայությունը, իմ գոյությունը որեւէ մեկի պարտադրել չեմ սիրում ու չեմ կարողանում։ Ուզենար` ինքը կապ կհաստատեր։ Չի փորձել, ուրեմն` այդպես է ճիշտ համարել։ Նույնիսկ չեմ փորձել ճշտել, թե որ երկրում է, մինչեւ հիմա չգիտեմ։ Կարեւորը` Վանոն Հայաստանում չէր, Վանոն զրկված էր Հայաստանի իր սիրած անտառի փեշին Ջիվանի երգելու երանությունից։
- Ի դեպ, նաև գրել եք. «Ես գիտեի, որ էլ չես գալու։ Գիտեի, որ էլ չեմ տեսնելու քեզ։ Շատ էի ուզում տեսնել ու պատկերացնել վերադարձդ, բայց չէր տեսնվում, չէր պատկերացվում»։ Ինչո՞ւ։ Արժեզրկումների շրջանի պատճառով, թե այլ, չուզե՞ց, թե չէր կարող։
- Ամենաշատը դրա մասին եմ մտածել` ինչպես է վերադառնում ու ինչ է անում վերադառնալուց հետո։ Ու նույնիսկ երեւակայությամբ չեմ տեսել ոչ վերադարձը, ոչ Հայաստանում իր հետագա կյանքը։ Չգիտեմ` ինչու։ Երեւի հասկացել եմ, որ ինքն արդեն մի ճամփորդ է, որ կայարանում գնացքի է սպասում, բայց գնացքը այդպես էլ չի գալիս։ Ու չի գալու։ Ու չեկավ։
Արման Գալոյան