211652_close_icon
views-count1952 դիտում article-date 23:28 29-09-2021

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» վերագործարկում են դեռահասների և երիտասարդների համար նախատեսված Հայաստանում առաջին լիովին ներառական համայնքահեն երիտասարդական կենտրոնը

ՅՈՒՆԻՍԵՖ-ին են միացել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, Շիրակի մարզպետարանն ու Գյումրու քաղաքապետարանը՝ վերագործարկելու Հայաստանում առաջին լիովին ներառական համայնքահեն երիտասարդական կենտրոնը Գյումրիում: Հիմնադրվելով 2018 թվականին՝ կենտրոնը չուներ ռեսուրսներ և համապատասխան հարմարություններ Գյումրի քաղաքում և հարակից շրջաններում բնակվող ավելի մեծ թվով դեռահասների և երիտասարդների, այդ թվում ՝ հաշմանդամություն ունեցող, ծառայություններ մատուցելու համար:
 
2021 թվականի մարտին ԼՂ հակամարտությանը դրա մարդասիրական արձագանքի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ձեռնամուխ եղավ կենտրոնը վերանորոգելու, վերակառուցելու և մատչելի դարձնելու գործին, որպեսզի համայնքը կարողանա  ծառայություններ մատուցել ավելի մեծ թվով շահառուների: Կենտրոնի նպատակն է՝ բարելավել դեռահասների և երիտասարդների բարեկեցությունը,  հնարավորություն տալ նրանց քաղաքացիական ակտիվություն ցուցաբերելու, ինչպես նաև ուսման, հմտությունների և կարողությունների զարգացման, այդ թվում շրջապատ ստեղծելու հնարավորություններ ընձեռել՝ դրանով իսկ բարելավելով ապագայում աշխատանք ունենալու հավանականությունը:
 
«Իր ծրագրերի միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ -ը պարտավորություն է ստանձնել ապահովելու հավասար հնարավորություններ բոլոր երեխաների և դեռահասների համար: Առաջիկա 12 ամիսների ընթացքում մենք կօգնենք վերանորոգել, վերակառուցել և հիմնել ևս 10 կենտրոն ամբողջ Հայաստանում: Այդ կենտրոնները մենք անվանում ենք «ապահով վայրեր», քանի որ դրանք տարբեր ծառայություններ են մատուցում երեխաներին և դեռահասներին, այդ թվում պաշտպանություն չարաշահումներից, անտեսումից, շահագործումից կամ բռնությունից, ինչպես նաև հոգատար խնամք, ինչն օգնում է նրանց հաղթահարել տարատեսակ դժվար իրավիճակները կյանքում և վերականգնվել», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ -ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին:
 
ՄԱԿ -ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի ֆինանսավորմամբ ՅՈՒՆԻՍԵՖ -ը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ -ն բարելավել են կենտրոնի կանաչապատ տարածքը,  այն մատչելի դարձրել հաշմանդամություն ունեցող անձանց համար, տեղադրել են ցուցանակներ, երեկոյան լուսատուներ, թեքահարթակ, հեծանիվների կայանատեղի: Կենտրոնում տեղադրվել են նաև արևային վահանակներ՝ էներգաարդյունավետությունը բարձրացնելու համար, իսկ ներսում այն վերանորոգվել է՝ մատչելի դառնալով հաշմանդամություն ունեցող անձնանց համար:
 
«Նման կենտրոնները չպետք է շքեղություն լինեն: Դրանք անհրաժեշտություն են Հայաստանի յուրաքանչյուր համայնքի համար: Ապահով վայր, որտեղ հաշմանդամություն ունեցող և չունեցող դեռահասները կարող են զբաղվել տարատեսակ գործունեությամբ, կյանքի հմտություններ ձեռք բերել և ստանալ միջին մասնագիտական ​​կրթություն, ինչպես նաև աջակցություն աշխատանք ձեռք բերելու հարցում, մասնակցել առողջ ապրելակերպ խրախուսող միջոցառումներին, որոնք բարելավում են տարատեսակ խնդիրների լուծման կարողությունն ու ինքնազգացողությունը»,-նշել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ -ի նախագահ Արթուր Նաջարյանը:
 
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ միասին մասնակիցները ողջունել են հաշմանդամություն ունեցող և չունեցող դեռահասներին և երիտասարդներին այս կենտրոնում, որտեղ քննարկում է ծավալվել Գյումրի քաղաքի և հարակից տարածքների երիտասարդական համայնքի կարիքների, ինչպես նաև հաջորդ քայլերի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր