211652_close_icon
views-count1474 դիտում article-date 17:34 20-09-2021

Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի պատվիրակներն իրենց փորձը փոխանցեցին հայ գործընկերներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հաշվի առնելով նախորդ տարիների համագործակցության դրական փորձը՝ Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիան այս տարի ևս Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի հետ համատեղ իրականացրեց դրամաշնորհային ծրագիր, որն իր մեջ ներառում էր ուսուցում և նյութատեխնիկական բազայի հարստացում։ Ծրագրի շրջանակներում Հայաստանի ֆեդերացիան հնարավորություն ստացավ ձեռք բերելու  այն բոլոր սարքավորումները, որոնք անհրաժեշտ են ցանկացած տիպի ավտոմոբիլային մրցույթ կազմակերպելու համար։

Դրանք ներառում են ժամանակի չափիչ սարքավորումներ, մեքենաների կշռման հարմարանքներ, վառելիքի բաղադրությունը որոշող լաբորատորիա, մրցումների չափորոշիչներին համապատասխանությունը ստուգող տեխնիկա, վարժասարքեր, անհրաժեշտ այլ սարքեր։ Ընդ որում՝ ձեռք բերված ողջ տեխնիկան համապատասխանում է Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի կողմից ընդունված չափորոշիչներին։

Ֆեդերացիայի զինանոցը համալրած սարքավորումներին տիրապետելու և շահագործելու նպատակով դեռ անցյալ տարի  միջազգային կառույցի կողմից հայ մասնագետների համար կազմակերպվեցին դասընթացներ, որոնք համավարակով պայմանավորված, անցկացվեցին հեռավար։ Ստացված գիտելիքներն առավել խորացնելու և գործնականում ամրապնդելու նպատակով օրերս Երևան ժամանեցին Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի փորձագետներ Օմար Ալլագան, Մուրադ Մազեն և Հանի Շաբան, ով նաև  Սիրիայի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահն է։ 

Եռօրյա վարժանքները բաժանվեցին երեք փուլի՝ տեսական պարապմունքներ ինչպես սարքավորումների շահագործման, այնպես էլ տարբեր ավտոմոբիլային մրցումների կազմակերպման ու անցկացման վերաբերյալ։ Երկրորդ փուլով անցկացվեցին տեսական գիտելիքները գործնականում ամրագրելու պարապմունքներ, իսկ հաջորդիվ միջազգային բեռնափոխադրումների «Ապավեն» ընկերության տրամադրած ասվալտապատ տարածքում կազմակերպվեցին կողասահքով վարման և կարտինգի մրցումներ։ Վերջինս նախատեսված էր երեխաների համար։

Ի դեպ, այդ օրերին Հայաստանում էր կողասահքով վարման հանրահայտ մասնագետ ամերիկահայ Կրիս Գրիգորյանը, որը նույնպես իր հմտություններով կիսվեց հայ գործընկերների հետ։ 

«Եռօրյա միջոցառումները բավական հագեցած էին՝ տերբեր ձևաչափերով ներառելով թե՜ մարզիչներին, թե՜ մրցավարներին, թե՜ ավտոմոբիլային ակումբների ներկայացուցիչներին։

Ուրախալին այն է, որ ուսումնական դասընթացներն ու մրցումները մեծ հետաքրքրություն առաջացրեցին նաև աճող սերնդի, նրանց ծնողների ու հարակից տարածքների բնակիչների շրջանում։ Վերջիններիս հատուկ շնորհակալություն՝ մրցումների ժամանակ պատճառված անհարմարություններին ըմբռնումով մոտենալու համար»,- նշեց  Հայաստանի  ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը։

Նրա խոսքով՝ ուսումնական սեմինարները հայ մասնագետներին, մարզիչներին ու մրցավարներին ոչ միայն փոխանցեցին մրցումների նախապտրաստության, կազմակերպման ու անցկացման միջազգային փորձը, այլև գործնական բազում հմտություններ, տեխնիկական խորհրդատվություն։

Գագիկ Աղաջանյանի հաղորդմամբ՝ միջազգային համագործակցության ծրագրերը կազմված են այնպես, որ իրենց շարունակականությունն են ունենալու։ Արդեն ստույգ նախագծեր են նախանշվել գալիք տարվա համար։
 
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր