211652_close_icon
views-count47176 դիտում article-date 16:09 11-09-2021

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ արցախյան 44-օրյա  պատերազմում հերոսացած, լեգենդ դարձած հետախույզ, սպա Աբրահամ Մարուխյանի հիշատակին նվիրված հուշ-երեկոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, Երևանում՝ «Նարեկացի» արվեստի միությունում, տեղի ունեցավ «Հերոսներն անմահ են» արդեն ավանդույթ դարձած միջոցառումների շարքի հերթական երեկոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկոն նվիրված էր արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած հետախույզ, սպա Աբրահամ Մարուխյանի հիշատակին։ 

Միջոցառման ժամանակ ցուցադրվեց իր հասակակից ընկերների համար արդեն լեգենդ դարձած Աբրահամի մասին պատմող ֆիլմ։ Ներկաները լսեցին նրա հեղինակած երգը, իսկ միջոցառման ժամանակ բանախոսը ներկայացրեց նաև հերոսին նվիրված գիրքը, այն է. տեղի ունեցավ նաև Ա. Մարուխյանի գրքի շնորհանդեսը։

Միջոցառմանը ներկա էին հերոսի ծնողները, հարազատները, զինակից, մանկության ու պատանեկության ընկերները, ովքեր միջոցառման ողջ ընթացքում ոչ միայն հուզմունք, այլ նաև հպարտություն էին ապրում։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում շատերն ասում էին. «Ճիշտ է, մի քիչ տխուր ենք, ցավ կա մեր սրտերում, բայց նաև հպարտ ենք, որ ճանաչել ու շփվել ենք Աբրահամի հետ։ Նա առաջնորդվում էր Մոնթեի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Թաթուլի, Շահեն Մեղրյանի և մյուս բազմաթիվ հայ լեգենդար հերոսների սկզբունքներով։ Դեռ որպես մարտկոցի հրամանատար ծառայելու ժամանակ Արցախի Հանրապետության պաշտպանական բանակի՝ Մատաղիսի զորամասում նրան կոչում էինք երիտասարդ Մոնթե, երիտասարդ Սպարապետ։ Մենք նրան ու նրա նման ոչ մի հերոսի բացակա չենք դնում»։

Միջոցառումն իրականացվել է «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՍՀԿ-ի հիմնադիր Մանուշակ Ստեփանյանի նախաձեռնությամբ։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս տարվա ապրիլի 22-ին Երևանի Արցախի փողոցի 17/7 հասցեում տեղի էր ունենալու 25-ամյա Աբրահամ Մարուխյանի հոգեհանգիստը։ Հերոս հետախույզի հուղարկավորությունը տեղի էր ունենալու ապրիլի 23-ին, նույն հասցեից։ Նրա աճյունը հողին էին հանձնելու «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Երևանցի 25-ամյա Աբրահամ Տիգրանի Մարուխյանը սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, գերազանց ավարտել ու ստացել լեյտենանտի կոչում:   

Դեռ դպրոցական տարիներից  ամեն ինչից վեր էր դասել հայրենիքը, հայոց հողն ու հայ մարդուն: Իզուր չէր,  որ թե՛ դպրոցում, թե՛  համալսարանում ուսումնական տարիներին շատերը նրան համարում էին Մոնթեի, Թաթուլի, Սպարապետ  Վազգեն Սարգսյանի, Շահեն Մեղրյանի և մյուս  լեգենդար հայ հերոսների գործը շարունակող: Նրա համար հայրենիքի համար զոհվելը ամենաբարձր կոչումն էր:

Որպես մարտկոցի հրամանատար ծառայության էր անցել Արցախի Հանրապետության պաշտպանական բանակի  Մատաղիսի զորամասում:  

Սեպտեմբերի 27-ին, երբ թուրք-ադրբեջանական հրոսակները, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչները հարձակվեցին Արցախի վրա, պատերազմի առաջին օրը  նա կամավոր մեկնեց  Ջրական (Ջաբրայիլ) որպես հետախույզ: Իր խիզախության  ու հմտության շնորհիվ ոչ միայն ազատագրել է թշնամու կողմից գրավված կարևորագույն դիրքերից մեկը,  այլև առգրավել մեծ քանակի զենք-զինամթերք:  

Աբրահամը զոհվել է հոկտեմբերի 2-ի գիշերը, երբ հրետակոծության տակ պաշտպանելիս է լինում նահանջող զինակիցների թիկունքը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 208+
208+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր