211652_close_icon

Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում․ Արարատ գյուղի խաչմերուկում բախվել են կցորդիչով բեռնատարը և «Mercedes»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ վիրավորը հիվանդանոցում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count4294 դիտում article-date 09:35 08-11-2025
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Արարատ գյուղի խաչմերուկում բախվել են կցորդիչով բեռնատարը և «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Mercedes»-ը և փակել ավտոմեքենայից պոկված գազաբալոնի փականը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Անի Հարությունյանը և Վրեժ Ապերյանը։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնի պետ Սերգեյ Մամիկոնյանը։

Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Նարեկ  Գզիրյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Մինչ քննչական խումբը կատարում էր դեպքի վայրի զննություն, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և մահացածի ինքնությունը։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր