211652_close_icon

Վտանգավոր իրավիճակը Երևանի Սասունցի Դավիթ 70/1 շենքում վերացվեց. 3 տարի էր՝ ՀԷՑ-ում ուղտի ականջում քնած էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

views-count529 դիտում article-date 11:44 08-11-2025
Նոյեմբերի 6-ին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում Սասունցի Դավիթ 70/1 շենքում ըստ բնակիչների արդեն 3 տարուց ավելի մուտքերից մեկում էլեկտրալարերի փնթի ու վտանգավոր իրավիճակի մասին։ Բնակիչներն արդարացիորեն պահանջում էին, որպեսզի «Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը», Երևանի քաղաքապետարանն ու Էրեբունու թաղապետարանը միջոցներ ձեռնարկեն ու վտանգավոր թերությունը վերացնեն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից ժամեր անց բնակիչները տեղեկացրեցին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը, տեղեկանալով բնակիչներ բարձրացրած խնդրին, հանձնարարել է շտապ վերացնել խնդիրը։ Ու ժամերի ընթացքում ՀԷՑ-ի Էրեբունու տեղամասի աշխատակիցները ժամանում են նշված վայր և կարճ ժամանակում ապամոնտաժում են իրենից վտանգ ներկայացնող էլեկտրալարերը, անցկացնում նորը՝ ավելի ապահով, և խնդիրը ժամերի ընթացքում լուծում։

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, բնակիչներն իրենց շնորհակալությունն էին հայտնում ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռ. Պետրոսյանին՝ ասելով. «3 տարի առանց չափազանցության ամեն շաբաթ դիմում էինք Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, Էրեբունու թաղապետարան, Հայաստանի էլեկտրական ցանցեր, Էլ.ցանցերի Էրեբունու մասնաճյուղ, ոչ մի դրական պատասխան։ Մեկը մեկի վրա էր գցում, Պողոսն ասում էր ես չեմ, Պետրոսն ասում էր ես չեմ, Մարտիրոսն ասում էր ես չեմ, լրիվ բարձիթողի վիճակ։ Հիմա գոհ ենք ՀԷՑ-ի աշխատակիցներից, ովքեր ժամերի ընթացքում խնդիրը լուծեցին ու էդ վտանգավոր էլեկտրալարերը ապամոնտաժվեցին ու փոխարինվեցին նորով։ Հիմա հանգիստ ենք, անվտանգ է»։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տեղամասի պետն ու տեսուչը խիստ նկատողություն են ստացել ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռ. Պետրոսյանի կողմից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, վերջին տարիներին Հանրապետությունում եղել են արտակարգ ու ողբերգական դեպքեր, որոնց դեպքերում պատասխանատվության և իր մեղքի բաժինն ունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը: 

Միայն այս տարի մի քանի ողբերգական դեպքեր են տեղի ունեցել, երբ քաղաքացին հոսանքահարվել է, ինչն էլ ողբերգական ավարտ է ունեցել: 

Եղել են նաև դեպքեր, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի անփութության պատճառով քաղաքացիներին պատճառվել են նյութական վնասներ, էլեկտրալարերի կարճ միացման ու պոկվելու պատճառով առաջացել են հրդեհներ, իսկ մի քանի դեպքերում էլ մարդկանց խոշոր եղջերավոր անասուններն ու ոչախարներն են էլեկատրահարվել ու սատկել: 

Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ Սասունցի Դավիթ 70/1 շենքի 2-րդ հարկում 3 տարուց ավելի էր՝ էլեկտրալարերը մի իսկական պատուհաս էին դարձել բնակիչների համար: 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, իրենց արդարացի զայրույթն էին ուղղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, ասելով. 

«3 տարի է՝ էս լարերը սարքելու համար ում ասես՝ դիմել ենք, 3 տարի է՝ ՀԷՑ-ը տունտունիկ է խաղում, հավանաբար սպասում են, որ մի դժբախտ դեպք լինի, որ նոր բարեհաճեն ու տեսնեն՝ ինչ են անում: 
 
Շատ ենք լսել ու տեսել, թե ինչքան մարդիկ են հոսանքահարվել ու մահացել:
 
Հիմա ի՞նչ՝ մի 3 տարի էլ սպասենք, թե երբ կբարեհաճեն, իսկ մինչ այդ երջանիկ պատահականություն է, որ մեր շենքում հոսանքահարման դեպք տեղի չի ունեցել:
 
Հիմա խնդրանքով դիմում ենք ՀէՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, որ գոնե նա մի բան անի՝ էս խնդիրը լուծելու համար, խնդիր, որը 3 տարի է՝ մնացել է օդում կախված և 3 տարի է՝ ցուցաբերվում է քար անտարբերություն: 

Էրեբունու թաղապետարան էլ մի քանի անգամ տեղեկացրել ենք, պատասխանել են, թե դա իրենց լիազորությունների մեջ չի, նույն պատասխանը սպացել ենք Երևանի քաղաքապետարանի թեժ գծից, որտեղից էլ ասել են՝ դիմեք ՀԷՑ»:

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր