211652_close_icon
views-count880 դիտում article-date 16:32 11-09-2021

Առաջին օգնության համաշխարհային օրն է. ՀԿԽԸ-ն դպրոցներում և հանրային վայրերում կկազմակերպի իրազեկման միջոցառումներ

Սեպտեմբերի երկրորդ շաբաթ օրն ամբողջ աշխարհում նշվում է որպես Առաջին օգնության համաշխարհային օր, օրվա այս տարվա թեման դպրոցներում առաջին օգնության հասանելիությունն է բոլոր երեխաների համար՝ «Եղիր հերոս քո դպրոցում և համայնքում» խորագրով։

Ինչպես հայտնում են Հայկական Կարմիր Խաչի ընկերությունից՝ Առաջին օգնության համաշխարհային օրվա նպատակն է բարձրացնել կյանքեր փրկելու համար առաջին օգնության գիտելիքների ու հմտությունների կարևորության վերաբերյալ իրազեկությունը, ինչպես նաև ջատագովել, որ դրանք հասանելի լինեն յուրաքանչյուրին:

Առաջին օգնության համաշխարհային օրվա այս տարվա թեման դպրոցներում առաջին օգնության հասանելիությունն է բոլոր երեխաների համար՝ թե հեռավոր համայնքներում, թե՝ մայրաքաղաքներում՝ «Եղիր հերոս քո դպրոցում և համայնքում» խորագրով։ Երեխաները, ուսուցիչներն ու ծնողները պետք է տիրապետեն այդ գիտելիքներին՝ ավելի պատրաստված, դիմակայուն լինելու, իրենց և իրենց մտերիմներին անհրաժեշտության դեպքում օգնելու համար։

Այդ կապակցությամբ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը սեպտեմբեր ամսվա ընթացքում Երևանի և ՀՀ մարզերի դպրոցներում և հանրային վայրերում կկազմակերպի իրազեկման միջոցառումներ և ցուցադրական դասընթացներ։ Միջոցառումները կմեկնարկեն սեպտեմբերի 10-ին Սյունիքում, Լոռիում և Շիրակում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ամեն տարի վնասվածքների պատճառով մահանում է 950 000 երեխա։

Այդ մահերի մոտ 90 տոկոսի կամ 830 հազարի պատճառը պատահական վնասվածներն են՝ կենցաղային պատահարներ, ջրահեղձություն, այրվածներ, վթարներ։

Տանը և դրա շրջակայքում  հայտնաբերված նյութերը հաճախ թունավորումների պատճառ են դառնում։ Տարեկան թունավորումից մահանում է ավելի քան 45 000 երեխա և դեռահաս, այսինքն՝ օրը շուրջ 123 երեխա։

Ճանապարհատրանսպորտային պատահարները 10-ից 19 տարեկան երեխաների մահվան հիմնական պատճառն են։ Ամեն տարի ավելի քան 260 000 երեխա մահանում է ճանապարհներին ստացած վնասվածքներից՝ օրը շուրջ 718 երեխա։ Մոտ 10 միլիոնը ստանում են ոչ մահացու վնասվածքներ։

Արդեն երկար տարիներ է, ինչ Առաջին օգնությունը Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) ռազմավարական ուղղություններից է:

ՀԿԽԸ-ից տեղեկացնում են. «ՀԿԽԸ-ն միակն է երկրում, որ Առաջին օգնության Եվրոպական խորհրդատվական կենտրոնի չափանիշներին համապատասխան դասընթացներ է իրականացնում տարբեր տարիքային և մասնագիտական խմբերի համար՝  արտակարգ իրավիճակներից և դժբախտ պատահարներից բնակչության խոցելիությունը նվազեցնելու նպատակով: ՀԿԽԸ Առաջին օգնության ուսումնամեթոդական կենտրոնի մասնագետներն իրականացնում են նաև ԱՕ սպասարկում զանգվածային միջոցառումների ժամանակ, ինչպես նաև ծրագրեր` ուղղված երեխաների անվտանգ վարքագծի դաստիարակմանը»:

Ամեն տարի ամբողջ աշխարհում Ազգային ընկերություններն ուսուցանում են ավելի քան 20 միլիոն մարդու։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Հայաստանում իրականացնում է ԱՕ բոլոր դասընթացների 83 տոկոսը։

ՀԿԽԸ-ից վստահեցրել են, որ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  շարժման հիմնարար սկզբունքներով` մարդասիրություն, անկողմնակալություն, չեզոքություն, անկախություն, կամավորություն, եզակիություն, համընդհանրություն։

 «Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 101 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն»,-նշել են Հայկական Կարմիր խաչի ընկերությունից:

ՀԿԽԸ-ի առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:

Նմանատիպ նյութեր