211652_close_icon
views-count2428 դիտում article-date 10:55 24-08-2021

44-օրյա պատերազմից հետո ունենք 3773 զոհ, 243 անհետ կորած. Փաշինյան

ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանի հերթական նիստում այսօր ՀՀ կառավարությունն իր ողջ կազմով ներկայացել է խորհրդարան կառավարության ծրագիրը նորընտիր ԱԺ-ին ներկայացնելու համար: ՆԵրկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը ներկայացնում է Կառավարության ծրագիրը:

Խոսքի սկզբում Փաշինյանը նշեց, որ կառավարության ծրագիրը ներկայացնում է արտառոց պայմաններում: Նա հայտնեց, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը ունի 3773 զոհ, 243 անհետ կորած:

«Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը ներկայացնում եմ արտառոց պայմաններում: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները, պատերազմի ընթացքում մեր ունեցած 3773 զոհերը, 243 զինվորների գտնվելու վայրը անհայտ լինելու հանգամանքը, մեր գերեվարված զինվորների մի մասի դեռևս վերադարձած չլինելու փաստը, հազարավոր տեղահանվածները, Արցախում և Հայաստանում ստեղծված ոչ սովորական և բարդ սոցիալ-տնտեսական վիճակը, Հայաստանի և Արցախի շուրջ ահագնացող անվտանգային մարտահրավերները, Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներխուժման հետևանքով Սոթք-Խոզնավար հատվածում առկա ճգնաժամային իրավիճակը, նոյեմբերի 9-ից հետո ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության պարբերական խախտումները և դրա հետևանքով նոր զոհերի առկայությունը, միջազգային լարված դրությունը, կորոնավիրուսի շարունակվող համավարակը արտառոց են դարձնում այն միջավայրը, որում քննարկում ենք կառավարության ծրագիրը»,- նշեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ այս քննարկումը, սակայն, պիտի լինի ոչ միայն խնդիրների ու մարտահրավերների արձանագրման, այլ դրանց պատճառների և ծագումնաբանության մասին և ամենակարևորը՝ պիտի լուծման ուղիներ նախանշի՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և նաև ռազմավարական հեռանկարի առումով, որովհետև ակնհայտ է, որ ՀՀ-ն գտնվում է ճակատագրական ու շրջադարձային հանգրվանում, մի կետի վրա, որտեղից շարունակությունը վճռորոշ է լինելու մեր պետության և պետականության համար:

Նմանատիպ նյութեր