211652_close_icon
views-count3213 դիտում article-date 12:50 21-08-2021

Հիփոթեքային վարկի սպասարկման համար եկամտահարկի վերադարձի ավտոմատացված համակարգ է ներդրվելու․ ՊԵԿ

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը, որի առանցքում պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսության ապահովումն է: Այս մասին ասվում է ՊԵԿ մամուլի հաղորդագրության մեջ:

Կոմիտեի ղեկավարը  բարեփոխումների գործընթացում կարևորել է խորհրդի անդամների ակտիվ մասնակցությունը. «Պետական եկամուտների կոմիտեի հիմնական առաքելությունը որակյալ ծառայությունների մատուցումն է առաջին հերթին տնտեսվարողներին, և այս առումով մենք տրամարդված ենք իրականացնել համակարգային բարեփոխումներ»։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հատուկ ընդգծել է մաքսային ոլորտի բարեփոխումների առաջնահերթությունը՝ նշելով, որ համակարգը պետք է հիմնովին փոխվի, որպեսզի քաղաքացիները ստանան 21-րդ դարին հարիր մաքսային ծառայություն։

Հասարակական խորհրդի անդամներին է ներկայացվել մաքսային բարեփոխումների տեսլականը, «Մեկ պատուհան» համակարգի ներդրման ընթացքը և վերջերս գործարկված Պե­տա­կան վճարումների էլեկ­տրո­նային համա­կար­գում՝ e-payments-ում մաքսային պարտավո­րություն­ներն առցանց մարելու հնարավորությունը։

Խորհրդի նիստում քննարկվել է ՊԵԿ ցանցային և սերվերային սարքավորումների արդիականացման հարցը։ ՊԵԿ նախագահը մեկ անգամ ևս անդրադարձել է վերջին շրջանում էլեկտրոնային ծառայությունների խափանումների պատճառներին՝ նշելով, որ սերվերային համակարգի գնման գործընթացն իրավական որոշակի խնդիրներով հանդերձ մեկնարկել է։

Կարևորվել է նաև հիփոթեքային վարկի սպասարկման՝ եկա­մտային հարկի գումարների վերադարձման ավտոմատացված համա­կար­­գի ներդրումը: Ծրագրի պիլոտային մասը նախատեսվում է իրականացնել ընթացիկ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից ամբողջապես անցում կկատարվի ավտոմատացված համակարգին։

Նիստի ընթացքում ներկայացվել են նաև 2020 թվականի 1-ին կիսամյակում ՊԵԿ-ի նախաձեռնած հարկային օրենսդրության հիմնական փոփոխությունները։ Անդրադարձ է կատարվել ԱԱՀ փոխհատուցվող գումարների վերադարձի, ԱՊՀ մասնակից պետությունների միջև տեղեկատվության փոխանակման, ոչ ռեզիդենտների կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունների ԱԱՀ-ով հարկմանը վերաբերող հարցերին։

Խորհրդի անդամներն ակտիվ քննարկումներ են ծավալել ներկայացված հարցերի շուրջ, հանդես են եկել կառուցողական առաջարկներով։

Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհուրդը պարբերաբար նիստեր կգումարի, հրատապ խնդիրներին կտրվեն օպերատիվ լուծումներ։

Նմանատիպ նյութեր