Նվաստացուցիչ և ստորացուցիչ է. ԱԺ-ի նոր կանոնները զարմացրել և զայրացրել են լրագրողներին
Sputnik Արմենիան գրում է. ՀՀ 8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքների առաջին օրը լրագրողներին տհաճ անակնկալ էր սպասվում։ Պարզվեց, որ նրանք չեն կարող ազատ տեղաշարժվել ԱԺ-ի շենքում, «հետապնդել» պատգամավորներին և մոտենալ նրանց աշխատասենյակներին։ Կոշտ սահմանափակումները վերաբերվում էին շենքի այն հատվածին, որտեղ գտնվում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի և փոխխոսնակների առանձնասենյակները։
Փակ է նաև խորհրդարանի հին մասնաշենքը նոր շենքի հետ կապող միջանցքը, որը լրագրողները կատակով «Լաչինի միջանցք» են անվանում: Թեև լրագրողների տեղաշարժը սահմանափակող որևէ փաստաթուղթ չկա, բայց շենքում արդեն իսկ պետական անվտանգության բազմաթիվ աշխատակիցներ կան՝ զինվորական համազգեստով։ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախկինում երբեք Ազգային ժողովի շենքում ԱԱԾ աշխատակիցները զինվորական համազգեստ չեն կրել:
«Դա չգրված օրենք էր, որն ընդգծում էր խորհրդարանի ժողովրդավարական լինելը»,-նշեց նա։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով շենքի միջանցքներում մեծ թվով զինվորական համազգեստով մարդկանց ներկայությունը, հայտարարեց, որ դա ոչ թե սահմանափակում է, այլ անվտանգության միջոցառումների կիրառում: Նա հիշեցրեց 1999 թ․-ի ահաբեկչությունը, ինչպես նաև 2020-ի նոյեմբերի 10-ի գիշերը խորհրդարանի բակում ԱԺ նախորդ նախագահին՝ Արարատ Միրզոյանին ծեծելն ու շենք ներխուժելը։
«Սահմանափակումներ չկան, ընդամենը համակարգվում է լրատվամիջոցների ներկայացուցիչների գործունեությունը։ Տարիներ շարունակ լրագրողները ստիպված են եղել վազել պատգամավորների հետևից, երբեմն լրատվամիջոցների ներկայացուցիչներին սպառնացել են։ Դա պայմանավորված էր նրանով, որ նրանց և պատգամավորների միջև հարաբերությունները կարգավորված չէին։ Հիմա ամեն ինչ կփոխվի»,-ասաց Սիմոնյանը։
Մանրամասներն՝ այստեղ